Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վերջին մարզումներն են անցկացրել Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հունահռոմեականների պայքարում հանդես կգան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Ազատ ոճի հավաքականում հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ թիմը Եվրոպայի առաջնությանը ներկայանում է երիտասարդացված կազմով։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է, որ նախապատրաստական փուլը ներառել է ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր։
«Նորմալ վիճակում ենք մոտենում Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում արդեն կտեսնենք, թե ով ինչպես կկարողանա իրեն դրսևորել մրցագորգում։ Երիտասարդներին հնարավորություն ենք տալիս ձեռք բերել փորձ»,- ասել է մարզիչը։
Արմեն Բաբալարյանը նաև հայտնել է, որ Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բուժում է ստացել Գերմանիայում և ստիպված է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը: 97 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնի Հայկ Խլոյանը:
«Հայկն այսօր իր մարզավիճակի ամենաբարձր մակարդակի վրա է, իսկ Արթուրը հիմա գորգի վրա է, բուժվել է Գերմանիայում, մեկ ամիս բուժումներ է ստացել, հիմա փորձում է կարգավիճակը բարելավել: Նա հիմա գտնվում է բուժումների մեջ, բայց պարապում է. բաց է թողնելու միայն այս Եվրոպայի առաջնությունը»,- ասել է Արմեն Բաբալարյանը:
Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ թիմի առաջատարներից Արման Անդրեասյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
«Մրցաշարի մասնակիցներից ակնկալում եմ որակյալ գոտեմարտեր և հույս ունեմ, որ նրանք լիարժեք կկարողանան դրսևորել իրենց հնարավորությունները»,- նշել է գլխավոր մարզիչը։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 20-26-ը:

