Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր անդրադառնում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ Իրավիճակը Zarkerak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
– Տիկին Սահակյան, օրեր շարունակ քննարկվում էր Դավիթ Մինասյանի կալանավորման դեպքը։ Արդյո՞ք բավարար էին այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած քայլերը։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը գնահատելիս նախ անհրաժեշտ է հստակ հասկանալ նրա լիազորությունների շրջանակը, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է դատարանի որոշմամբ կիրառված կալանքին։ Տվյալ դեպքում կալանավորման հարցով որոշում կայացրել է դատարանը՝ քննիչի միջնորդության հիման վրա։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ Պաշտպանը չի կարող քննարկել բողոքը, մասնավորապես՝ եթե բարձրացված հարցը դուրս է նրա լիազորությունների շրջանակից կամ արդեն գտնվում է դատարանի քննության տիրույթում։ Այսինքն՝ օրենսդրորեն արգելված է, որ Պաշտպանը միջամտի դատարանի գործունեությանը կամ դատարանին ներկայացնի իր որոշումը փոխելու պահանջ։ Ընդ որում, սա ոչ թե տարբեր Պաշտպանների անձնական հայեցողության կամ ճաշակի հարց է, այլ օրենքից և Սահմանադրությունից բխող պարտադիր պահանջ։
Նման սահմանափակումների պայմաններում, իմ գնահատմամբ, Մարդու իրավունքների պաշտպանը կատարել է իր լիազորությունների շրջանակում հնարավոր առավելագույնը՝ անդրադառնալով անգամ այլընտրանքային խափանման միջոցների հարցին։ Ավելին, նա արձագանքել է կալանքի կիրառման իրավաչափության համակարգային խնդրին, թեև դա, խիստ իրավական իմաստով, արդեն սահմանային հարց է իր մանդատի տեսանկյունից։
– Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում տեսակետներ հնչում հենց այս գործով Մարդու իրավունքների պաշտպանի անգործության մասին։
Շատ հաճախ հանրային քննարկումներում Պաշտպանի դերակատարումն ու գործիքակազմը միտումնավոր ներկայացվում են ոչ ամբողջությամբ կամ ոչ բավարար ճշգրտությամբ։ Դրա հետևանքով ձևավորվում է սխալ սպասում, թե նա կարող է միջամտել այնպիսի հարցերի, որոնցում օրենքով նման լիազորություն պարզապես չունի։ Երբ ակնկալիքները ձևավորվում են իրավական սահմաններից դուրս, ցանկացած քայլ հեշտությամբ կարող է ներկայացվել որպես «անբավարար», իսկ երբեմն նաև՝ որպես «անգործություն»։ Արդյունքում այն պատասխանատվությունը, որը պետք է հասցեագրվի այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց, արհեստականորեն տեղափոխվում է Մարդու իրավունքների պաշտպանի վրա։
Իմ գնահատմամբ՝ նման մոտեցումը ոչ միայն իրավաբանորեն հիմնավորված չէ, այլև վնասակար է։ Այն շեղում է ուշադրությունը խնդրի իրական հասցեատերերից, թուլացնում է պատասխանատվության հստակեցումը և, ի վերջո, բարդացնում է խնդրի արդյունավետ լուծումը։ Ինչպես արդեն նշել եմ, կարծում եմ, որ այս գործով Մարդու իրավունքների պաշտպանը կատարել է իր լիազորությունների շրջանակում հնարավոր բոլոր քայլերը։ Այժմ կարևոր է հետևել, թե այդ քայլերը գործնականում ինչ արդյունքների կհանգեցնեն։


