Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ռուսաստանը փորձում է Հայաստանում ընտրությունների ելքի վրա ազդել, ՌԴ-ն փորձում է այստեղի արբանյակ քաղաքական ուժերի համար ստեղծել ինչ-որ մթնոլորտ, որն ըստ իրենց տրամաբանության՝ կարող է խթանել նրանց նախընտրական հեռանկարները: Չեմ կարծում, որ դա ճիշտ հաշվարկ է, որովհետև հայաստանյան հասարակությունն առնվազն 2022-23 թվակններից հետո սկսել է տարբերակել իր սեփական շահը և Ռուսաստանի շահը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Թե ինչու են ՌԴ-ից հնչում կոշտ հայտարարություններ՝ Ստեփանյանը նշեց. «Դա սպառնալիքի փորձ է, նրանք սպառնում են, այն որ փորձում են մեզ ստիպել անել այն, ինչը չի բխում մեր շահերից՝ ակնհայտ է: Պուտինը նյարդայնացել է, ռուսական տրամաբանությունն է, որ եթե դուք չանեք այն, ինչ մենք ենք ուզում, ձեր գազը կփակենք, օդը կփակենք, ինքնաթիռներ չեն գա Ռուսաստան, բայց չեմ կարծում, որ ՌԴ-ն իրականում ունի լուրջ գործիքակազմ այդ ամենը կիրառելու համար: Եթե օրինակ՝ գազը թանկացնեն, դա նույնիսկ ռուսական ուժերից հետ կմղի այն մարդկանց, ովքեր հիմա պատրաստվում են իրենց ձայն տալ, որովհետև մարդիկ ասելու են՝ դուք ռուսամետ ուժեր եք, բա Ռուսաստանն ինչու է մեր գազը թանկացնում: Այս գործիքակազմն ունի բավականին լուրջ օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմանափակումներ: Ռուսաստանն այս պահին զգում է, որ Իրանի հետ կապված հակամարտության շրջանակներում ԱՄՆ-ն զբաղված է Իրանով և փորձում է պահն օգտագործել՝ նաև ազդելով հայաստանյան ընտրություների արդյունքների վրա և ամրապնդվել այս տարածաշրջանում, որտեղից ինքը շարունակում է բավականին արագ տեմպերով հեռանալ»:
Անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Պուտինի Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց. «Ինձ համար սպասելի չէր, սա Պուտինին բնորոշ չէ, հիմնականում դրա դերակատարումը կատարում են Զախարովան, Լավրովը, Օվերչուկը, սա նորույթ է պուտինյան քաղաքականության մեջ, որ ինքն ուղիղ կամերայի տակ այդ ամենն ասում է և այդ ամենը խոսում է միայն ու միայն Ռուսաստանի թուլության մասին: Եթե Պուտինը հասել է մի իրավիճակի, երբ ստիպված է հանրայնացնել այսպիսի նարատիվները, դա խոսում է այն մասին, որ ինքն այլ արգումենտ չունի, այսինքն՝ նա աշխատում է ոչ միայն Փաշինյանի, այլ նաև մեր էլեկտորատի ուղղությամբ»:
Դավիթ Ստեփանյանը խոսեց նաև Սամվել Կարապետյանի ուղերձի և այն հայտարարության մասին, որ Փաշինյանը Մոսկվայում խայտառակ եղավ. «Իրենց տրամաբանության շրջանակներում, եթե Պուտինը մատ է թափ տալիս, դա նշանակում է, որ դու թույլ ես, որ քո տնային աշխատանքը լավ չես կատարել, որ դու լավ ղեկավար չես, որովհետև մեծ եղբորը չես լսում, իրենք շարունակում են Պուտինին ընկալել որպես վերադաս: Չեմ կարծում, որ Փաշինյանն այդ տրամաբանությունը կիսում է, հետևաբար այդ կարծիքը չի կարող լինել իրականություն»:
Ինչ վերաբերում է Կարապետյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ կլինի՝ Ստեփանյանը նշեց. «Հենց դրա համար էլ այդ հայտարարություններն արվել են, պաս են տվել իրենց այստեղի հինգերորդ շարասյանը, որ նա վերցնի այդ գնդակն ու փորձի Հայաստանի ներքաղաքական դաշտում խաղարկել: Ոչ միայն Կարապետյանն է դա անում, բոլոր ուժերը, որոնք սնվում են ՌԴ-ից ասում են, որ գազը, օդը կփակեն, եթե Փաշինյանին ընտրեք, եթե չընտրեք, ամեն ինչ լավ է լինելու, լինելու ենք ռուսական գուբերնիա, մեր բոլոր իրավունքներից կզրկվենք, բայց դե գազը չի թանկանա: Եթե գազը թանկանա, մեր երկիրն արդեն ունի դիվերսիֆիկացման հնարավորություն, կարող ենք գազը ստանալ Իրանից, Ադրբեջանից: Եթե պետք է գազը ստանանք 600 եվրոյով, ապա մնում ենք ԵԱՏՄ-ում ինչ անենք»:
Ստեփանյանը նաև ընդգծեց. «Հայաստանի ղեկավարն այսօր ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է, ո՛չ Սերժ Սարգսյանը, որպեսզի անընդհատ մեր ինքնիշխանությունը, եղած-չեղածը տա ռուսին այն հիմնավորումով, թե տեսեք գազը չեն թանկացնում: Ստրուկի քաղաքականության վերջը վաղուց եկել է և հիմա դրան վերադառնալու ոչ մի լուրջ պատճառ չկա, եթե դրան վերադառնանք, նշանակում է մազոխիստներ ենք: Եթե իրենք ողջամտություն ունեն, չեն գնա այդ քայլին, բոլոր սպառնալիքները, որոնք գեներացնում է ՀՀ-ում իրենց հինգերորդ շարասյունը, ուղղակի սպառնալիք է և փորձ է մեզ հերթական անգամ վախեցնել, ստիպել կատարել սխալ որոշում և ընտրել սխալ ուժերի»:


