Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հանրությանը կոչ եք անում, ձեր կոչն ում է հետաքրքիր, որևէ մեկին, որ գոնե հետաքրքիր լիներ, ձեզ ձեր քաղաքական ուժն իր ցուցակում որևէ ձևով կներառեր»,-ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցութան ղեկավար Սեյրան Օհանյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ինչքան շատ են կոչ անում, այնքան ավելի իրենց քաղաքական ուժի խորհրդարան չանցնելու շանսերը մեծանում են. «Այդ փոդքաստը նվեր է, ոնց անենք՝ մի քիչ շատ անեն: Իրենք ասացինն, որ այն խաղաղությունը, որը հաստատված է՝ ՀՀ-ին ձեռնտու չի, Հայաստանի շահերից չի բխում, իրենք ասում են՝ խաղաղությունը մեր ժամանակ էր: 1998 թվականին 24 զոհ՝ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով, 1999 թվականին 12 զոհ փոխհրաձգության հետևանքով, 2000 թվական՝ 12 զոհ, 2001 թվական՝ 3 զոհ, 2002 թվական՝ 7 զոհ, 2003 թվական՝ 11 զոհ, 2004 թվական՝ 8 զոհ, 2005 թվական՝ 14 զոհ, 2006 թվական՝ 7 զոհ, 2007 թվական՝ 7 զոհ, 2008 թվական՝ 5 զոհ, 2009 թվական՝ 6 զոհ, 2010՝ 11 զոհ, 2011՝ 10, 2012՝ 13 զոհ, 2013՝ 6 զոհ, 2014՝ 26 զոհ, 2015՝ 38 զոհ, 2016՝ 22 զոհ, 2017՝ 22 զոհ, սա է իրենց ուզած խաղաղությունը»:
Ըստ Փաշինյանի՝ 1995 թվականից ՀՀ-ն՝ որպես պետություն, նույն կետի վրա կանգնած է եղել 25 տարի ու դա եղել է փակուղային կետ. «Մենք այդ մարտահրավերի հետ առերեսվել ենք, անկախության 30 տարի ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է, այդ հարցը լուծված է, ամեն ինչ նորմալ է, առերեսվել ենք այդ իրողության հետ, հասկանանք՝ ինչ է կատարվում ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները ու դրանց հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է դրանից դուրս գանք, որովհետև եթե թակարդից դուրս չգանք՝ մենք պետությունը կորցնելու ենք: Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից, այն թակարդից, որի մեջ մտել ենք Ղարաբաղի շարժումով և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ անընդհատ մտցրել է ու պահել է փակուղում: Մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղուց, սրա համար խիզախություն է պետք և դա ցուցաբերել ենք: Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը: Իրենք խաղաղությունը միշտ քննարկել են տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Մոսկվայում, Բրյուսելում, այլ տեղերում: Խաղաղությունն այն է, որ դու ունես քո տարածաշրջանում: Մենք ունեցել ենք համարձակություն խոսել»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ունեն պայմանավորվածություններ, դրանք ստորագրված, նախաստորագրված, մի մասն էլ վավերացված են. «Ձեր ամբողջ քաղաքականությունը դրանց դեմ է, որը խաղաղության ու կայնության անկյունաքարն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունը կփլուզվի: Այո, ընտրություններում ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը: Բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված ու հրապարակված են: Ով է հիշում, ընդդիմությունը երբ է այս ամբիոնից վերջին անգամ եկել, բռնել խաղաղության համաձայնագրի տեքստը, սկսել կարդալ, նույնն էլ բանակցային թղթերը»:


