Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։
Հրապարակվել են նաև Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք՝ շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են՝ ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։
ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:
«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար:
Իսկ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից:


