Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քննարկման քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն այն է, երբ մենք հայտարարում ենք, որ եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը հանկարծ Հայաստանում զավթի իշխանություն, դրան հաջորդելու է աղետաբեր պատերազմ և շատ հավանական է՝ այդ պատերազմը լինի սեպտեմբերին: Երբ մենք սա ասում ենք, ընդդիմությունը ծառս է ելնում և ասում է՝ ինչ եք ասում, ոնց թե մենք չենք կարող նման բան անել»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը դա արդեն մեկ անգամ արել է. «2023 թվականի սեպտեմբերի 9՝ Ղարաբաղում ընդդիմությունը վերցնում է իշխանությունը, Շահրամանյանին ընտրում են նախագահ, դրանից տասը օր անց սկսում են ռազմական գործողությունները, դրանից 17 օր անց՝ սեպտեմբերի 26-ին, Սամվել Շահրամանյանը ստորագրում է Ղարաբաղի լուծարման հրամանագիրը: Սեպտեմբերի 9-ին, երբ Շահրամանյանն ընտրվեց նախագահ, Քոչարյանն ու Սարգսյանը շնորհավորեցին և հույս հայտնեցին, որ նույնը տեղի կունենա Հայաստանում: Սրա մասին ենք մենք զգուշացնում, որ եթե հանկարծ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ՀՀ-ում զավթի իշխանությունը, տեղի է ունենալու այն, ինչն իրենք արդեն 1 անգամ արել են Ղարաբաղում: Հայաստանում չի լինելու սեպտեմբերի 9, սեպտեմբերի 19, սեպտեմբերի 26, որովհետև լինելու է հունիսի 7-ը: ՀՀ ժողովուրդը գնալու ու տեր է կանգնելու խաղաղությանը, պետությանը, հունիսի 7-ին ժողովուրդն իր ընտրությամբ չի թողնելու, որ դուք մատաղ անեք այս պետությունը, ոնց մատաղ արեցիք գիտեք՝ ինչը»:
Կոնջորյանը նշեց, որ 2 տարուց ավել մարդ չի զոհվել, որը ընդդիմությունը հնարամտորեն շրջանցում է. «Ինչու եք շրջանցում, որովհետև փրկված կյանքը կորած կյանք է, որովհետև դուք ուզում եք զոհ լինի, որ հետո գաք այդ զոհերը 1000-ով ավելացնեք, երբ մարդ է փրկվում՝ չեք գալիս ասում, 1000-ով չեք ավելացնում փրկվածների կյանքը: Դուք զոհվածների կյանքն եք պատրաստ ավելացնելու 1000-ով, որովհետև դուք մահվան վաճառականներ եք: ՀՀ-ում պտտվում է գերանդիով մահը և դա ուզում է այդ գերանդիով հնձի, կտրի ՀՀ-ն, ինքնիշխանությունը, մարդկանց կյանքը ու այդ գերանադիով մահվան վեղարը, որ քաշես եռագլուխ կուսակցության գլուխները դուրս կգան: Ձեր բարոյական կոդեքսը մարդու մասին շուն-շանգյալն է: Ձեր համար մարդու կյանքը շան կյանք է, շան պես չունի ընտրելու իրավունք»:


