Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար նախատեսված «Սաբինե» փոքր խմբով տուն։
2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադրած հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտաս (Ինսբրուք)» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Այն ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն մատուցող հաստատություն է, որտեղ երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք։
Երեխաների, ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի և աշխատակիցների ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին, անձնակազմի աշխատանքին, ինչպես նաև երեխաների առօրյային և կենսապայմաններին։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը ջերմ և անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ՝ նրանց հրավիրելով այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր քննարկվել են անձնակազմի հետ:
Անահիտ Մանասյանը առանցքային է համարում երեխաների լավագույն շահի առաջնահերթության ապահովումը՝ ընդգծելով երեխայի ձայնի լսելիության, կրթության, առողջության և սոցիալական ներառման իրավունքի լիարժեք իրացման կարևորությունը։
Պաշտպանը կարևորում է պետության անընդհատ ուշադրությունը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին՝ շեշտադրելով համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի շփումները երեխաների հետ կրում են շարունակական բնույթ, իսկ երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Պաշտպանի կողմից հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով։


