Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ջրային եւ ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածություն կա, ինչպես նաեւ ջրի կորստի բարձր մակարդակ: Միեւնույն ժամանակ, կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ստեղծում ջրային ոլորտի արդյունավետ կառավարման եւ գյուղատնտեսության կայուն զարգացման համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը: Նա հունիսի 18-ի ԱԺ նիստում պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով համաձայնագիրը կնքվել է 2025 թվականին: Իրականացվելիք վարկային ծրագիրը շուրջ 100 մլն եվրո է, որից 70 մլն եվրոն ուղղված է լինելու ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչին՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող՝ Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին: Հատկացվելիք միջոցներից 30 մլն եվրոն ուղղվելու է Սյունիքի մարզում իրականացվելիք ծրագրին, որով նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը, զարգացնել գյուղատնտեսությունը:
«Սյունիքի մարզն ունի գյուղատնտեսական մեծ ներուժ, եւ որպես պետություն՝ մենք մեր պարտքն ենք համարում հանդես գալ բարեփոխումային ծրագրերով»,- ընդգծել է Նվարդ Վարդանյանը: Ըստ նրա՝ ծրագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս եւ Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում եւ արդիականացում փուլային եղանակով՝ ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր, խորհրդատվական ծառայություններ:
Զեկուցողը հավելել է, որ Եվրոպական միությունը տրամադրելու է 12 մլն 456 հազար եվրո դրամաշնորհ, որն ուղղված է լինելու ոլորտում տեխնիկական վերազինմանն ու կարողությունների զարգացմանը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը:


