Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը Zarkerak - Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Zarkerak Zarkerak - Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում բանաձևերի միջոցով տվել է այն հարցի պատասխանը՝ ընտրական խախտումները ազդե՞լ են, թե՞ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Արդեն քանի օր է՝ Հայաստանում ընթանում է մի բանավեճ, թե ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չի նշանակում այն երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել։

Սա հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ բանաձևով են ամփոփվում քվեարկության արդյունքները։ Եվ կնկատենք, որ արդյունքները ամփոփող բանաձևը առաջին հայացքից մի տարօրինակ բաղադրիչ ունի՝ «անճշտություններ»։

Օրենսգիրքը ասում է, որ որևէ ուժի ստացած քվեների տոկոսը հաշվելու համար նախ անհրաժեշտ է բոլոր ուժերի ստացած կողմ քվեների ընդհանուր թվին գումարել բոլոր ընտրատեղամասերի անճշտությունների թիվը։ Այս ընտրությունների պարագայում դա ունի հետևյալ տեսքը՝ 1,456,711 + 4,331 = 1,461,042։ Եվ այդ թվի հանդեպ է, որ օրինակ «Քաղաքացիական պայմանագրի» ստացած 726,818 քվեների տոկոսային կշիռը 49,74655% է։ Այսինքն՝ բոլոր ուժերը իրենց վրա պետք է կրեն անճշտությունների ազդեցությունը։ Սա շահագրգռում է բոլոր ուժերին չստեղծել անհարկի անճշտություններ, որովհետև դրանց բեռը վերջում կրելու են այդ թվում իրենք։

Իսկ անճշտությունները ներառում են երեք անվավեր ճանաչված արդյունքներով ընտրատեղամասերի բոլոր քվեները (3,411), որոնք գումարվել են մյուս բոլոր ընտրատեղամասերի այլ տիպի անճշտություններին (920) և դրանք էլ իրենց հերթին գումարվել են բոլոր ուժերի ստացած քվեներին, և միայն այդ առավել մեծ թվի հանդեպ է հաշվվել «Քաղաքացիական պայմանագրի» և ցանկացած այլ ուժի տոկոսը։ Ինչո՞ւ են անճշտությունները դառնում բանաձևի մաս։

Մեր ընտրական օրենսգիրքը չի ասում, թե վերաքվեարկություն պետք է լինի, եթե որևէ ընտրատեղամաս կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Իհարկե ցանկացած ընտրատեղամաս կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ավելին` յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրությունների օրը։ Մեր ընտրական օրենսգիրքը ասում է. «եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

Ընդ որում՝ ուշադրություն դարձնենք, որ ոչ թե այդ տեղամասի արդյունքների վրա, այլ ամբողջ ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ տեղամասի արդյունքների վրա ազդելու բերումով արդեն անվավեր են ճանաչվել այդ տեղամասի արդյունքները։ Իսկ ինչպե՞ս հասկանանք՝ խախտումները ազդե՞լ են ընտրությունների համապետական արդյունքների վրա։ Պատասխան՝ այդ ընտրատեղամասի բոլոր քվեները հաշվելով բանաձևի մեջ որպես «անճշտություններ» և ստուգելով դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։

Եվ հաշվելու համար, թե արդյոք տեղ գտած անճշտությունները ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, մենք պետք է մի պահ այդ անճշտությունները հանենք բանաձևից՝ ստուգելու համար արդյոք ԲՀԿ-ի դեպքում տոկոսը կբարձրանա և կհատի 4%-ը։ Կստանանք հետևյալ պատկերը՝ 3,98%-ը կդառնա 3,99%:

Այսինքն՝ ստացվում է, որ երբ երեք ընտրատեղամասերի խախտումների/անճշտությունների ազդեցությունը հանում ենք, պատկերը մնում է նույնը՝ շեմի հաղթահարման դիտանկյունից։

Մեր օրենսգիրքը չի ասում՝ ազդեցությունը գնահատելու համար մեկուսացրեք այդ ընտրատեղամասը և հավանականության տեսություն օգտագործեք գուշակելու համար, թե քաղաքացիները ինչպես կարող էին քվեարկել քվեարկության օրը, եթե խախտումները չլինեին, կամ թե ինչպես քաղաքացիները կարող են քվեարկել հնարավոր վերաքվեարկության ժամանակ։

Մեր օրենսգիրքը ասում է՝ արդյոք խախտումները կարո՞ղ էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, և դա հաշվարկելու համար տալիս է բանաձև։

Ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող խախտումների մասին մենք կկարողայինք խոսել միայն այն պարագայում, եթե անվավեր արդյունքներով ընտրատեղամասերի անճշտությունների թիվը այնքան մեծ լիներ, որ այն բանաձևի մեջ հանել-դնելիս փոխվեին ուժերի ստացած տոկոսները՝ շեմերի հաղթահարման իմաստով, ինչպես նաև արդեն Ազգային ժողով անցած ուժերի ստացած մանդատների քանակի իմաստով:

Այս ամենը իհարկե ունի նաև իրավաքաղաքական հիմնավորում՝ այն, որ քաղաքացին իրացնում է իր անհատական ընտրական իրավունքը ընտրելու օրը, բայց քաղաքացին քվեարկության արդյունքներ ձևավորում է այլ քաղաքացիների հետ՝ որպես ժողովուրդ։ Եվ մեկ քաղաքացու ձայնը ժողովրդի քվեարկության համատեքստում պիտի առաջացնի այնքան մեծ ազդեցություն, որ պարտադիր լինի վերաքվեարկությունը։ Իսկ եթե նման ազդեցություն չի առաջացնում, ապա վերաքվեարկությունը դառնում է առանձին խումբ քաղաքացիների կողմից տակտիկական քվեարկությամբ ժողովրդի քվեարկության խմբագրում, որի մասին արդեն շատ է խոսվել»,- գրել է Կարապետյանն ու հրապարակել ասվածի թվային տեսքով վկայությունը:

192.jpg (57 KB)

18 Հունիս, 2026 14:09
Վեր