Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ Zarkerak - Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ
Zarkerak Zarkerak - Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ
Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ

Հայաստանում կներդրվի բանկերի վերակառուցման ինստիտուտ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտ։ Բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը կվերապահվի Կենտրոնական բանկին։

Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Նախագիծը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նախագծով սահմանվում են Հայաստանի տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները։

Նուրբեկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով, եթե ֆինանսական ինստիտուտը կանգնում է ֆինանսական խնդրի առաջ, կայունացման միակ գործնական լուծումը դրա լուծարումն է։ Նոր օրենքի նպատակն է այդ մոտեցումը փոխել և ճգնաժամային իրավիճակում հայտնված ֆինանսական ինստիտուտը վերակառուցելու հնարավորություն ստեղծել։

«Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի փոխել գործող կարգավորումները՝ վերակառուցելով ճգնաժամային խնդրի առաջ կանգնած ֆինանսական ինստիտուտը»,-նշել է Նուրբեկյանը։

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2018 թվականին Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի շրջանակում ներկայացված առաջարկներից։

Նախագծի նպատակն է ներդնել ճգնաժամերի կառավարման արդյունավետ և միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար։

Կենտրոնական բանկին օրենքով կտրվեն համապատասխան իրավասություններ, որոնք հնարավորություն կտան հասնել բանկերի վերակառուցման նպատակներին։

Նշվում է, որ օրենսդրության բարելավումն անհրաժեշտ է բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության անընդհատությունը և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար։

Նախագծով նախատեսվում է ներդնել լայն գործիքակազմ՝ բանկերի վերակառուցումն այնպես իրականացնելու համար, որ հնարավորինս նվազեցվի պետական արտակարգ աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը և ապահովվի պետական միջոցների պաշտպանությունը։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։ Հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։

 

18 Հունիս, 2026 12:24
Վեր