Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄՈՏԱ-ԷՆՋԻԼ ՄԱՅՆԻՆԳ ԿՈՎԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված արդյունահանման ծառայությունների պայմանագրի շրջանակներում, որը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Ըստ պայմանագրի` «Մոտա-Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Ամուլսարի ոսկու հանքավայրում։ Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 81․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում սարքավուոմների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։
Ներկայումս առկա է 250 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 475-ի՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 72․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․7 մլրդ դրամ։


