Երբ գազի գները բացահայտում են իրականությունը Zarkerak - Երբ գազի գները բացահայտում են իրականությունը
Zarkerak Zarkerak - Երբ գազի գները բացահայտում են իրականությունը
Երբ գազի գները բացահայտում են իրականությունը

Երբ գազի գները բացահայտում են իրականությունը

Հայաստանում գազի գնի շուրջ քննարկումները նոր թափ ստացան այն բանից հետո, երբ Ռուսաստանից նորից սկսեցին հայտարարել, թե իբր Հայաստանը ստանում է «էժան» գազ՝ համեմատած մի շարք այլ երկրների հետ, որոնք վճարում են մինչև 600 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Սակայն այս պնդումը, որքան էլ հնչեղ է, պահանջում է խորքային վերլուծություն, քանի որ իրական պատկերը զգալիորեն ավելի բազմաշերտ է։

Օրերս նույնիսկ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով այս հարցին շեշտեց, որ Հայաստանը երբեք արտոնյալ պայմաններով գազ չի գնել Ռուսաստանից։ Այսօր Հայաստանը ռուսական գազը սահմանին ստանում է մոտ 165 դոլարով 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ վերջնական սպառողին այն հասնում է շուրջ 371 դոլարով։ Այլ կերպ ասած՝ գազի գինը սահմանից մինչև սպառող գրեթե կրկնապատկվում է։

Առավել ուշագրավ է, որ այս կառուցվածքային տարբերությունը վերջին 15–20 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել, ինչը վկայում է ոչ թե շուկայական տատանումների, այլ համակարգային խնդիրների առկայության մասին։ Միջազգային համատեքստում պատկերը ևս միանշանակ չէ։ Մի շարք երկրներ, այդ թվում եվրոպական երկրներ, ռուսական գազը ձեռք են բերում գրեթե նույն գնով կամ փոքր-ինչ բարձր սակագներով, ինչն էականորեն թուլացնում է «արտոնյալ գնի» մասին թեզը։ Օրինակ որոշ երկրների վերջին 20 տարվա համեմատությունը բավական հետաքրքիր պատկեր է բացում։

2005-ից մինչև 2025 թվականը Վրաստանը 1000 խմ գազը գնել է 63-ից 205 դոլարով, իսկ սպառողին այն հասել է 140-ից 210 դոլարով, Հունգարիան գազը նույն ժամանակահատվածում գնել է 150-ից 300 դոլարով, իսկ սպառողին հասել է 220-ից 390 դոլարով։ Թուրքիայում նույնպես գրեթե նույն պատկերն է։ Խորվաթիա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան այս երկրներում նույնպես 2005-2020 թվականներին գազը սպառողների համար եղել 400 դոլարի միջակայքում։ Միայն Ուկրաինական պատերազմով պայմանավորված տարիներին է ռուսական գազը թանկացել եվրոպական որոշ երկրների համար։ Այսինքն ռուսական գազը երբեք այլ երկրների 600 դոլարով չի վաճառվել, բացառությամբ այն տարիներին, երբ էներգակիրների շուկայում եղել են ֆորսմաժորային իրավիճակներ, ինչպիսն են պատերազմները, կամ պատժամիջոցները։ Այսինքն՝ Հայաստանը գազի գնի առումով չի գտնվում բացառիկ պայմաններում, ինչպես հաճախ ներկայացվում է քաղաքական հռետորաբանության մեջ։

Խնդրի առանցքային հանգույցը գազի ներմուծման և բաշխման կառուցվածքն է։ Հայաստանի տարածքում գազի մատակարարումն ու բաշխումը վերահսկվում է Գազպրոմի դուստր ընկերության «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ինչը նշանակում է, որ նույն համակարգը վերահսկում է ամբողջ շղթան՝ սահմանից մինչև վերջնական սպառող։ Այս մոդելը փաստացի մոնոպոլ բնույթ ունի և սահմանափակում է մրցակցությունը, ինչի հետևանքով գնի ձևավորման գործընթացը դառնում է ոչ բավարար թափանցիկ։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ Ռուսաստանը գազը վաճառում է համեմատաբար ցածր գնով, սակայն նույն ռուսական կառույցը Հայաստանի ներսում ձևավորում է զգալիորեն բարձր վերջնական սակագին։ Արդյունքում «էժան գազի» մասին պնդումը կորցնում է իր գործնական նշանակությունը, քանի որ տնտեսության և բնակչության համար կարևոր է հենց վերջնական գինը։ Այս համատեքստում հատկապես կարևոր է համեմատությունը Վրաստանի հետ։

Վերջին 10-20 տարիների ընթացքում մեր հարևան Վրաստանը կարողացել է ապահովել համեմատաբար ավելի էժան գազի ներմուծում՝ հիմնականում գործակցելով ադրբեջանական ընկերությունների հետ։ Արդյունքում այդ երկրում գազի գները ավելի մրցունակ են, ինչը անմիջականորեն նպաստում է տնտեսության զարգացմանը։ Էժան էներգակիրները Վրաստանում ստեղծում են մի քանի կարևոր առավելություն․ նախ՝ նվազում է արտադրության ինքնարժեքը, երկրորդ՝ բարձրանում է տեղական արտադրողների մրցունակությունը, և երրորդ՝ զսպվում է գնաճը։ Այս գործոնների համակցությունը նպաստում է ներդրումների ներգրավմանը և ընդհանուր տնտեսական ակտիվության աճին։

Հայաստանի պարագայում, հակառակը, գազի բարձր վերջնական սակագինը դառնում է լրացուցիչ բեռ թե՛ բիզնեսի, թե՛ բնակչության համար։ Խնդիրը խորանում է նաև այն հանգամանքով, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, որտեղ տեսականորեն պետք է գործեն միասնական էներգետիկ շուկայի սկզբունքներ։ Սակայն գործնականում գազի գների հարցում այս ինտեգրացիոն առավելությունները չեն դրսևորվում։ Չկա միասնական սակագնային քաղաքականություն, և անդամ երկրները շարունակում են գործել անհատական պայմանավորվածությունների շրջանակում։

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի համար առանցքային է դառնում մի քանի ռազմավարական ուղղություն․ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիա, մրցակցության խթանում գազի շուկայում, և սակագնի ձևավորման առավել բաց ու հաշվետու մեխանիզմների ներդրում։ Հակառակ դեպքում «էժան գազի» մասին քաղաքական հայտարարությունները շարունակելու են հակասել տնտեսական իրականությանը, իսկ բարձր սակագները՝ սահմանափակել երկրի զարգացման հնարավորությունները։ Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի գազային քաղաքականության հիմնական խնդիրը ոչ թե մուտքային գնի մակարդակն է, այլ ամբողջ շղթայի արդյունավետությունը։ Եվ հենց այս համակարգային հարցերի լուծումն է, որ կարող է ապահովել իրական մրցունակություն՝ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

20 Ապրիլ, 2026 15:02
Վեր