Հայաստանյան հանրային դաշտում կրկին ի հայտ եկավ հին, բայց երբեք չվերացող երևույթը՝ մարդկանց ձեռքբերումները մոռանալու և արժանին չտալու հիվանդագին մոլուցքը։ Պետությունը որոշում է կայացրել Արթուր Աբրահամի ծննդավայրում կառուցել մարզադպրոց՝ նրա անունով։ Մարդ, ով տարիներ շարունակ միջազգային ռինգերում բարձրացրել է Հայաստանի դրոշը, դարձել է աշխարհի չեմպիոն, ճանաչում բերել երկրին՝ առանց քաղաքական լոզունգների, առանց պոպուլիզմի։
Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Փոխանակ սա ընկալվի որպես բնական, նույնիսկ ուշացած հարգանքի դրսևորում, միանգամից գործի են դրվում ընդդիմադիր մեդիայի հին գործիքներն ու գրչակները՝ պիտակավորում, մեղադրանք, արժեզրկում։ Արթուր Աբրահամը «մեղավոր» է, որովհետև կանգնել է պետության կողքին։ Ոչ թե որևէ ապօրինություն է արել, ոչ թե հանրային վնաս է պատճառել, այլ պարզապես մասնակցել է մի նախաձեռնության, որը միտված է երիտասարդ սերնդի զարգացմանը։ Սա արդեն քննադատություն չէ։ Սա նեղմտություն է, սա դասական դավաճություն է հարգանքի արժանի մարդու նկատմամբ։
Երբ մարդը հաղթում էր ռինգում, նույն այդ շրջանակները առաջիններից էին, որ հպարտանում էին, տարածում նրա հաղթանակները, օգտագործում նրա անունը հանրային էմոցիաների վրա խաղալու համար։ Բայց հենց այդ նույն մարդը հանդես է գալիս ոչ թե իրենց քաղաքական ճաշակով պայմանավորված դիրքորոշմամբ, այլ սեփական ընտրությամբ՝ նա միանգամից դառնում է «դավաճան», «վաճառված» կամ «իշխանության մարդ»։
Այս մոտեցումը վտանգավոր է ոչ թե Արթուր Աբրահամի համար, նրա մարզական կարիերան վաղուց է ապացուցել իր արժեքը։ Վտանգավոր է հասարակության համար, որովհետև ձևավորում է մի մթնոլորտ, որտեղ ցանկացած հաջողակ անհատ ստիպված է ընտրել՝ կամ լռել, կամ պատրաստ լինել հարվածների՝ միայն այն պատճառով, որ չի տեղավորվում ինչ-որ խմբակի ու գրչակների սպասումների մեջ։
Պետություն-մարզիկ գործակցությունը նորմալ երևույթ է աշխարհի ցանկացած երկրում։ Մարզադպրոց կառուցելը՝ հատկապես այն մարդու անունով, ով այդ ոլորտում հասել է ամենաբարձր գագաթներին, ոչ թե քաղաքական քայլ է, այլ սերունդներ ձևավորելու և դաստիարակելու ներդրում։
Եթե այսօր սա ներկայացվում է որպես «խնդիր», ապա խնդիրը ոչ թե նախաձեռնության մեջ է, այլ այն մարդկանց հայացքների, որոնք ամեն ինչ չափում են քաղաքական հավանության պրիզմայով, չափում են իրենց դավաճանական մտածելակերպով, չափում են այն մի երկու կոպեկով, որը իրենց տերերը շպրտել են նրանց՝է հասարակական մթնոլորտն ապականելու համար։
Եվ վերջապես՝ արժանին տալը քաղաքական կողմնորոշում չունի։ Եթե մարդը արել է գործ, բերել է արդյունք, ստեղծել է արժեք՝ նա պետք է գնահատվի։ Մնացածը արդեն ոչ թե սկզբունք է, այլ պարզ քաղաքական հաշվեհարդար, էժանագին չուզողություն։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


