Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բնականաբար, յուրաքանչյուր հանցագործության դեպք և առավել ևս զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում և մտահոգությունների տեղիք տալիս ու նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսում։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս զինծառայողի մահվան դեպքին։
«Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն, մենք կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն և դրան համարժեք քայլեր կարվեն»,–ասաց նա։
Փոխնախարարը հավաստիացրեց, որ բանակում մահերի թիվը չի ավելացել. «Նախորդ անգամ ես ի պատասխան մեր պատգամավոր գործընկերների, երբ որ ասացի, որ դրական տեղաշարժ ունենք, ես նկատի ունեցա հանցագործությունների կամ մահվան դեպքերի դինամիկայում։ Ավելին, նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեև դա բացարձակապես մեզ հանգստանալու աիթ չպետք է տան։
Նման դեպքերը հաճախակի չեն լինում, դուք կարող եք հարցում կատարել և ձեր հարցմանն ի պատասխան, կստանաք պարզաբանում, որ հաճախակի չեն լինում, բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի և պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի իսպառ վերացնենք կամ առնվազն նվազագույնի հասցնենք»։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ զինծառայողը ճնշումների է ենթարկվել և դա է եղել պատճառը, Արման Սարգսյանն ասաց. «Դեպքի հետ կապված որևէ հանգամանք չեմ կարող բարձրաձայնել, որովհետև քրեական վարույթ է նախաձեռնված և վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտա»։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։


