Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման շոուն վերջին տարիներին վերածվել է ոչ միայն գեղեցիկ ավանդույթի, այլև քաղաքային կարևոր իրադարձության։ Հազարավոր մարդիկ հավաքվում են հրապարակում՝ տեսնելու գեղեցիկ կազմակերպված, բարձր մակարդակի շոու, որը ներառում է երաժշտություն, լուսային լուծումներ և տոնական մթնոլորտ։ Սա այն պահերից է, երբ քաղաքն ավելի է աշխուժանում, փողոցները լցվում են մարդկանցով, իսկ Երևանը ներկայանում է որպես ժամանակակից և տոն ապրող մայրաքաղաք։
Այս միջոցառումը միայն մեկ երեկոյի մասին չէ։ Այն ձևավորում է քաղաքի կերպարը, ստեղծում է դրական սպասում, դառնում է սոցիալական և մշակութային կյանքի մի մաս։ Տոնածառի լույսերի վառումը շատերի համար ազդանշան է, որ Երևանը մտնում է տոնական շրջան, իսկ քաղաքի համար՝ հնարավորություն է ցույց տալու իր կազմակերպական կարողությունները։
Այս ամենի մեջ կարևոր է ընդգծել նաև մեկ առանցքային հանգամանք․ Երևանը աստիճանաբար դառնում է զբոսաշրջային կենտրոն։ Նման մասշտաբային և որակյալ միջոցառումները Երևան են բերում հազարավոր զբոսաշրջիկների, որոնք այստեղ գումար են ծախսում, օգտվում են հյուրանոցներից, ռեստորաններից, սրճարաններից, տրանսպորտից և տեղական այլ ծառայություններից։ Սա կենդանի տնտեսական շրջանառություն է, որն անմիջական ազդեցություն ունի քաղաքի զարգացման վրա։
Երբ քաղաքը կարողանում է ստեղծել բարձր մակարդակի հանրային տոն, դա միայն զվարճանք չէ․ դա ուղերձ է աշխարհին՝ իր հնարավորությունների, իր կազմակերպվածության և իր որակի մասին։ Երևանը հենց այդպիսի պահեր ունի՝ երբ ցույց է տալիս, որ կարող է մրցել զարգացած քաղաքների հետ ոչ թե խոսքերով, այլ իրական որակով։
Խաղաղ միջավայրի և բաց սահմանների դեպքում Երևանը կարող է դառնալ նաև հարևան երկրներում ապրող մարդկանց համար հասանելի զբոսաշրջային կենտրոն։ Քաղաք, ուր կարելի է գալ, մասնակցել միջոցառումների, ապրել տոնի մթնոլորտը, շփվել, ծախսել գումար, տեսնել մի այլ իրականություն և վերադառնալ՝ իրենց երկիր։
Այս տեսանկյունից Երևանը կարող է վերածվել տարածաշրջանային մագնիսի՝ մշակութային, զբոսաշրջային և տնտեսական կենտրոնի։
Մեր ընտրությունն իրականում պարզ է․ կամ մենք կառուցում ենք բաց քաղաք, բաց երկիր որն ապրում է կյանքի, շարժման ու մարդկանց հոսքի մեջ, կամ շարունակում ենք փակվել մշտական հակադրությունների մեջ՝ զրկելով հաջորդ սերունդներին զարգացման հնարավորությունից։ Առաջինը պահանջում է համարձակություն, վստահություն և հեռատեսություն։ Երկրորդը՝ միայն վախ։ Եվ եթե իսկապես մտածում ենք մեր երեխաների ապագայի մասին, ապա պարտավոր ենք ընտրել այն ճանապարհը, որը նրանց տալիս է հնարավորություն ապրել խաղաղ, զարգացող և աշխարհին բաց երկրում։ Երևանը այդ հնարավորությունն ունի։ Մնում է միայն այն չկորցնել։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


