Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, ՄԿՈՒ ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հինգ տարում ՄԿՈՒ համակարգ ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԿՈՒ հաստատություններում ընդունելության նախնական արդյունքները։ Ըստ նրա՝ եթե 2021–2022 ուսումնական տարում համակարգ էր ընդունվել շուրջ 11 հազար ուսանող, ապա այս տարի նախնական ցուցանիշը 16738 է։ Այսպիսով՝ հինգ տարվա ընթացքում ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով, ինչը փաստում է, որ պետական քաղաքականությունը նպաստել է ոլորտի գրավչության բարձրացմանը։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական դպրոցն ավարտող յուրաքանչյուր երրորդ սովորող կրթությունը շարունակում է ՄԿՈՒ հաստատությունում։ Այս առումով նախարարի տեղակալը կարևորել է սովորողների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքը դեռևս 8-րդ դասարանից՝ ընդգծելով նաև քոլեջների ակտիվ դերակատարությունը։
Քոլեջներին առաջարկվում է ակտիվացնել ոչ ֆորմալ կրթական ծրագրերը
Արաքսիա Սվաջյանը քոլեջների տնօրենների ուշադրությունը հրավիրել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի զարգացման հնարավորության վրա։ Սոցիալական կրեդիտի համակարգի շրջանակում քաղաքացին տարեկան մինչև 100 հազար դրամի եկամտային հարկի հետվերադարձի հնարավորություն ունի՝ կրթական ծրագրերից օգտվելու համար։ Այս պահին երաշխավորված ծրագրերի թիվը հասել է 2099-ի, որոնցից 1244-ը երաշխավորվել է միայն 2026 թվականին։
Սակայն ծրագրերի գերակշիռ մասը ներկայացրել է մասնավոր հատվածը, իսկ քոլեջների մասնակցությունը դեռևս սահմանափակ է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քոլեջներին առաջարկել է այս հնարավորությունը դիտարկել նաև որպես արտաբյուջետային միջոցներ ներգրավելու գործիք՝ մշակելով այնպիսի վերապատրաստման ծրագրեր, որոնց իրականացման համար հաստատություններն ունեն մասնագիտական և նյութական ռեսուրս։
Կշարունակվի դասախոսների ատեստավորումը
Անդրադառնալով դասախոսների մասնագիտական զարգացմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2024 թվականին ատեստավորվել է 276, իսկ 2025 թվականին՝ 181 մասնագետ։ Ատեստավորմանը նախորդում է վերապատրաստումը, և պոտենցիալ մասնակիցների շուրջ 90 տոկոսը կամ ավելին հաջողությամբ ատեստավորվում է։ Դրական արդյունքի դեպքում դրույքաչափը բարձրանում է մինչև 200 հազար դրամ, որի նկատմամբ կիրառվում է նաև 30-50 տոկոս հավելավճար՝ ըստ հավաքած միավորների։ Այս տարի ատեստավորման համար ներառվել են նոր ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, փոխադրումների կազմակերպում և կառավարում, գինեգործություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, էլեկտրական կայաններ և այլն։
Քոլեջների հանրակրթական առարկաներ դասավանդող 174 դասախոս անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձրացված աշխատավարձ։
Նախարարի տեղակալը տնօրեններին կոչ է արել խրախուսել մյուս դասախոսներին ևս մասնակցելու կամավոր ատեստավորմանը։
Մասնագիտական զարգացման մեկ այլ ուղղություն է տարակարգի տրամադրումը։ Մասնագիտական կրթության ոլորտում արդեն ութ դասախոս, իսկ հանրակրթական առարկաների գծով՝ երկու մանկավարժ, տարակարգ է ստացել։
Կկառուցվի, կվերակառուցվի և կվերանորոգվի 30 քոլեջ
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որակյալ մասնագիտական կրթության կարևոր նախապայմաններից է նաև ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի առկայությունը։ Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 30 քոլեջի կառուցում, վերակառուցում և վերանորոգում, որոնք ամբողջությամբ հագեցվելու են նոր գույքով և ժամանակակից նյութատեխնիկական բազայով։
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) միջոցառմանը, որի շրջանակում Հայաստանը նախատեսում է հյուրընկալել շուրջ բազմահազար պատվիրակների:
Այս ընթացքում Երևանի դպրոցներում և քոլեջներում առկա դասեր չեն կազմակերպվելու, սակայն նախատեսված ուսումնական գործընթացը պետք է լրացվի և պատշաճ կազմակերպվի։
Աշնանը կանցկացվի ՄԿՈՒ ոլորտի համաժողով
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ այս աշնանը նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտին նվիրված աշխատաժողով, որը կդառնա ոլորտում առկա խնդիրները, հաջողված փորձը և զարգացման հնարավորությունները համատեղ քննարկելու հարթակ։
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվում են լիցենզավորման և հավատարմագրման, քոլեջների ֆինանսավորման կարգերը, որոնք այժմ մշակման փուլում են գտնվում։ Նախատեսվում է նաև այլ իրավական ակտերի ընդունում՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ։
Նշվել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որը մինչ այժմ գործում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կազմում, այսուհետ կգործի որպես առանձին հիմնադրամ։ Նորաստեղծ կառույցը գործունեություն է իրականացնելու երեք հիմնական ուղղությամբ՝ մասնագիտական կրթության և դրա բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում, ոչ ֆորմալ կրթության համակարգում, ինչպես նաև գործատուների հետ համագործակցության զարգացում։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է քոլեջների տնօրենների հարցերին՝ անդրադառնալով ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման նոր կարգին, համակարգի թվայնացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի իրականացմանը, գերակա մասնագիտությունների համար կրթաթոշակների տրամադրմանը, ChatGPT Edu գործիքի կիրառմանը և մի շարք այլ հարցերի:


