Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքում, ասված է. «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հայտնի է նաև որպես Մեծ եղեռն։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին և բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այս մութ էջերում»:
Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Ճանաչման հետ մեկտեղ գալիս է նաև այն խոստումը, որ մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները»,-նշել է նա:
Մարկ Քարնին նաև հավելել է, որ Կանադայում ապրիլը նշվում է որպես Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս՝ ժամանակահատված, երբ պետք է մտորել անտեղյակության և հանցակցության հետևանքների մասին։
«Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,-նշել է Կանադայի վարչապետը։

