Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Հայ պատմաբանների գնահատականներով ՝ ցեղասպանության զոհ Է դարձել ավելի քան մեկուկես միլիոն մարդ, 600 հազարից ավելին վտարվել է իրենց տներից։ Ավերվել են հոգևոր սրբավայրերը, ճարտարապետական հուշարձանները։ Մեր երկրում ի սկզբանե այդ սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ»,- ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքներում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ ու ակցիաներ, և Ռուսաստանը իր խորին ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին:
«Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացման արդարացումներ չեն կարող լինել։ Մեր երկիրը միացել է և նախաձեռնել մի շարք համապատասխան միջազգային փաստաթղթեր, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան»,- նշել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ապրիլի 24-ը հսկայական հոգևոր, բարոյաքաղաքական նշանակություն ունի հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։


