Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի վաճառքը ձախողվեց Zarkerak - Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի վաճառքը ձախողվեց
Zarkerak Zarkerak - Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի վաճառքը ձախողվեց
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի վաճառքը ձախողվեց

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի վաճառքը ձախողվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեր-Պետրոսյանի այս վերջին շրջանի ակտիվությունը ավելի շատ հիշեցնում էր մեծ խաղ վերադառնալու քաղաքական «աղերսանք»։ Բայց արդյունքը ստացվեց հակառակը։ Սամվել Կարապետյանի շուրջը համախմբվելու նրա կոչերը ոչ միայն չաշխատեցին, այլև բացահայտեցին մի իրականություն, որը վաղուց էր հասունացել։

Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ հրապարակային կոչ արեց ընդդիմությանը համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Ինչն ինքնին արդեն հակասական քայլ էր։ Մի կողմից նա փորձում էր հանդես գալ որպես գաղափարական առաջնորդ, մյուս կողմից՝փաստացի առաջարկում էր նաև իր իսկ քաղաքական ուժին զիջել դիրքերը օլիգարխիկ կենտրոնին։ Ավելին, իրավիճակը դարձավ գրեթե պարադոքսալ, երբ պարզվեց, որ «Հայ ազգային կոնգրեսն» ունի վարչապետի սեփական թեկնածու։ Այսինքն՝ մի ձեռքով առաջադրում ես քո թեկնածուին, մյուսով՝ փորձում ես ամբողջ դաշտը փոխանցել մեկ այլ խաղացողի։ Սա արդեն ոչ թե քաղաքական ռազմավարություն է, այլ շփոթված մանևր։ Եվ հենց այստեղ էլ եղավ հիմնական ձախողումը։ Կարապետյանը, մերժեց ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու առաջարկը։

Այսինքն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իրականացնել իր գլխավոր նպատակը՝ իր կուսակցությունը «տեղավորել» ավելի մեծ ֆինանսական և քաղաքական հովանու տակ։ Սա միայն մեկ կուսակցության անհաջող բանակցության մասին պատմություն չէ։ Սա ավելի լայն երևույթ ներկայացնող պատկեր է։ Այս ընտրություններից առաջ փոքր կուսակցությունների, կամ ինչպես հաճախ անվանում են՝ «մարդ կուսակցությունների», համար իսկապես սկսվել է «խոպանի սեզոն»։

Շատերը փորձում են գտնել «տիրոջ», որի շուրջ կարող են հավաքվել՝ ոչ թե գաղափարի, այլ ռեսուրսի հաշվարկով։ Ռուսաստանում հարստացած օլիգարխի շուրջ համախմբվելը այդ ուժերի համար թվում է ամենաարագ և ամենա արդյունավետ տարբերակը։ Ինչու՞։ Պատճառը պարզ է։ քաղաքականության մեջ մնալու համար փող է պետք, ազդեցություն է պետք, մեդիա է պետք։ Իսկ այդ ամենը շատերի համար հասանելի է միայն արտաքին ֆինանսական կենտրոնների միջոցով։ Բայց կա նաև երկրորդ, ավելի կարևոր պատճառը՝ վախը։ Շատերը հասկանում են, որ այս ընտրությունները իրենց համար կարող են լինել վերջինը։ Ոչ թե որովհետև քաղաքական դաշտը մաքրվում է, այլ որովհետև ընտրողը, թեկուզ դանդաղ, բայց սկսում է տարբերել իրական քաղաքական ուժը «վաճառվող նախագծից»։

Եվ հենց այստեղ է ամբողջ պատմության ամենաուշագրավ դրվագը։ Տեր-Պետրոսյանը, ով տարիներ շարունակ փորձում էր ներկայանալ որպես պետական մտածողության կրող, այս փուլում հայտնվեց մի իրավիճակում, որտեղ իր քայլերը ավելի շատ հիշեցնում են ոչ թե առաջնորդի, այլ միջնորդի գործունեություն։ Բայց նրա մոտ նույնիսկ այդ դերը չստացվեց։ Ի վերջո պարզ դարձավ մի պարզ բան՝ այս քաղաքական «շուկայում» նույնիսկ վաճառվելը հեշտ չէ, երբ գնորդը քեզ անպետք է համարում։ Այս ընտրություններից հետո, մեծ հավանականությամբ, մենք կտեսնենք այն, ինչից այսօր շատերն են վախենում՝ քաղաքական դաշտի կտրուկ վերափոխում, մաքրազերծում։ Բազմաթիվ կուսակցություններ և «մեկ անձի շուրջ կառուցված» նախագծեր պարզապես կվերանան՝ առանց աղմուկի, առանց հետք թողնելու։ Այս պատմությունը Տեր-Պետրոսյանի մասին չէ միայն։ Սա մի ամբողջ դարաշրջանի ավարտի նշան է, որտեղ քաղաքականությունը երկար ժամանակ շփոթվում էր պայմանավորվածությունների, փողի և անձնական ազդեցության հետ։ Այսօր այս դարաշրջանը կարծես, արդեն փակվում է։

Մկրտիչ Իսրայելյան

07 Ապրիլ, 2026 15:35
Վեր