Ժամանակին, երբ Վլադիմիր Պուտինը նոր էր ամրապնդում իր իշխանությունը, նրա հռետորաբանությունը լի էր «գործակցության» և «ինտեգրման» մասին խոսքերով։ Տարներ առաջ Պուտինը նույնիսկ ցանկություն էր հայտնել, որ Ռուսաստանը միանա ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Բնականաբար այդ երկու կառույցները մերժեցին Պուտինի առաջարկը, լավ հասկանալով, որ Պուտինի Ռուսաստանն այն երկիրը չէ, որը կարող է նույնիսկ հետագայում համապատասխանի ՆԱՏՕ-ի և ԵՄ չափանիշերին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հարցերի առումով։
Եվ իսկապես՝ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Պուտինի հայտարարությունները ոչ թե արժեքային ընտրություն էին, այլ քաղաքական խաբկանք։ Ռուսաստանը ոչ միայն չմոտեցավ այդ կառույցներին, այլ ժամանակի ընթացքում սկսեց ավելի ու ավելի հեռանալ դրանցից՝ վերածվելով փակ, կենտրոնացված և ավտորիտար համակարգի։
Բայց այստեղ կա ավելի խորքային, հաճախ անտեսվող մի շերտ՝ անձնական և հոգեբանական։ Այսօր այդ նույն Վլադիմիր Պուտինի քաղաքական վարքագծում ակնհայտորեն երևում է մի բան, որը դժվար է բացատրել միայն աշխարհաքաղաքական շահերով։ Դա խանդն է։
Այո, հենց խանդը այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց և ընտրել այլ ուղի։ Երբ որևէ պետություն հայտարարում է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ կամ դիտարկում է գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում, Մոսկվայի արձագանքը հաճախ լինում է ոչ համարժեք՝ սուր և էմոցիոնալ, երբեմն հիստերիկ։
Սա արդեն չի խոսում վստահ, ուժեղ պետության պահվածքի մաիսն։ Սա ավելի շատ նման է այն մարդու վարքագծին, որը չի կարողանում ընդունել, որ իրենից անկախ որոշումներ են կայացվում։ Երբ ուրիշների ընտրությունը ընկալվում է ոչ թե որպես ինքնիշխան իրավունք, այլ որպես «դավաճանություն»։
Այդ տրամաբանությունը հատկապես նկատելի է Հայաստանի դեպքում։ Ամեն անգամ, երբ Հայաստանում հնչում են եվրոպական ինտեգրման մասին մտքեր, ռուսական պաշտոնական և ոչ պաշտոնական հարթակներում սկսվում է քարոզիչների հիստերիան, նույն սցենարը՝ սպառնալիքներ, վախեցնող կանխատեսումներ, տնտեսական ճնշումների ակնարկներ։
Եվ հենց այստեղ է երևում խնդրի էությունը։ Եթե պետությունը վստահ է իր ազդեցության, իր արժեքների և իր առաջարկած մոդելի վրա, ապա նա չի վախենում մրցակցությունից։ Նա չի փորձում վախեցնել ուրիշներին, որպեսզի պահի իր ազդեցությունը։ Իսկ երբ այդ ամենը դառնում է հիմնական գործիք, նշանակում է՝ կա ներքին անվստահություն, խանդ, փոքրոգություն։
Պուտինյան քաղաքականության մեջ այդ անվստահությունը հաճախ վերածվում է ագրեսիայի։ Եվ այդ ագրեսիան ուղղվում է հատկապես այն երկրների դեմ, որոնք փորձում են ինքնուրույնություն դրսևորել։ Սա մեծ պետության ինքնավստահություն չէ։ Սա փոքրոգի կառավարչի ռեակցիա է՝ մեծ հնարավորությունների կորստի ֆոնին։
Հայաստանի համար այստեղ կարևոր է հասկանալ մի պարզ ճշմարտություն․ ցանկացած սպառնալիք, որը գալիս է արտաքին ուժից՝ կապված մեր ինքնիշխան ընտրությունների հետ, հենց ինքնին խոստովանություն է այդ արտաքին ուժի թուլության մասին։ Որովհետև ուժեղ գործընկերը առաջարկում է, ոչ թե վախեցնում։
Եվ եթե Հայաստանը ցանկանում է կառուցել իր ապագան՝ հիմնված օրենքի գերակայության, ինստիտուցիոնալ զարգացման և իրական անկախության վրա, ապա այդ ճանապարհը չի կարող պայմանավորված լինել ուրիշի խանդով կամ վիրավորված ամբիցիաներով։
Վերջիվերջո, պետությունների հարաբերությունները չպետք է կառուցվեն «եթե դու ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես» պարզունակ բանաձևով։ Այդ մտածողությունը ոչ միայն վտանգավոր է, այլ նաև հնացած։ Իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք Կրեմլի արձագանքներում, ցավոք, հենց այդ հնացած, երբեմն նույնիսկ մանկամիտ տրամաբանության դրսևորումն է։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


