Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
«Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել են դատական նիստերին անհարգելի բացակայություններ, մեկ այլ դեպքով հաստատվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի պահպանել դատախազի վարքագծի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


