ԿԳՄՍ նախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել են ճարտարապետների հետ Zarkerak - ԿԳՄՍ նախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել են ճարտարապետների հետ
Zarkerak Zarkerak - ԿԳՄՍ նախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել են ճարտարապետների հետ
ԿԳՄՍ նախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել են ճարտարապետների հետ

ԿԳՄՍ նախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել են ճարտարապետների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաստանի ճարտարապետների պալատում հանդիպել են քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ուսանողներն ու դասախոսները։

Մասնագիտական հանրության հետ քննարկվել են ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները, առաջիկա ծրագրերը, համատեղ վերհանվել խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մասնագիտական հանրույթի հետ քննարկումները, առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների ոլորտում կատարվող աշխատանքները։ Վերջին տարիներին Կառավարությունն էականորեն ավելացրել է հուշարձանների վերականգնման բյուջեն․ 2022 թվականի համեմատ 2025 թվականին  հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտում պետական հատկացումներն աճել են ավելի քան 500 տոկոսով․ «Սակայն, այս աճը նաև լուրջ մարտահրավերներ է առաջացնում, քանի որ պահանջում է համապատասխան մասնագիտական կարողություններ և որակյալ կադրեր։ Մեր հիմնական նպատակը հուշարձանների վերականգնումն ու պահպանումն է․ այս աշխատանքներում ցանկացած անզգույշ կամ ոչ լիարժեք մասնագիտական քայլը կարող է հակառակ արդյունքի բերել»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել և կարևորել է ԿԳՄՍ նախարարությունում գործող գիտամեթոդական խորհրդի դերակատարությունը, որն ապահովում է մասնագիտական ներգրավվածությունը թե՛ նախագծման, թե՛ վերականգնման և ամրակայման իրականացման փուլերում՝  իրականացնելով համապատասխան հսկողություն։

«Մշակութային ժառանգության պահպանման և ապագա սերունդներին պատշաճ ձևով փոխանցման գործում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանը։ Անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանների թիվը մեծ է, և այս ոլորտում ակնհայտ է մասնագիտական կադրերի պակասը»,- ասել է նա՝ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և կարողությունների զարգացման առումով ընդգծելով բուհերի դերը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության ոլորտի բարեփոխումներից առանձնացրել է լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը, քաղաքաշինական գործընթացների թվայնացումը, տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրման ու քաղաքաշինական կադաստրի ստեղծման նախաձեռնությունները։

 «Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը, որի շրջանակում ակնկալում եմ մասնագիտական հանրության ակտիվ ներգրավումը, որպեսզի համատեղ ուժերով մշակենք զարգացման հեռանկարներ և գտնենք խնդիրների կարգավորման արդյունավետ տարբերակներ»,-ասել է կոմիտեի նախագահը՝ ընդգծելով համագործակցված համատեղ աշխատանքի կարևորությունը։ 

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ բուհը նախաձեռնել է «Ճարտարապետություն» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթաց։ Նրա դիտարկմամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող փոփոխությունները պետք է զուգահեռաբար արտացոլվեն ճարտարապետական գործունեության նոր կարգավորումներում։

Հանդիպմանն անդրադարձել է եղել նաև ճարտարապետությանը վերաբերող երկու կարևոր հոբելյաններին՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակներին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս երկու իրադարձությունների կապակցությամբ Վարչապետի որոշմամբ ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ընդգծելով ճարտարապետական այս կարևորագույն համալիրների արժևորումը։ Նախարարը կարևորել է հոբելյանական ծրագրերում ճարտարապետական համայնքի ակտիվ ներգրավումը՝ տեղեկացնելով, Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում։

Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը շնորհակալություն է հայտնել կուտակված հարցերն անմիջական մթնոլորտում քննարկելու հնարավորության համար։ Նա հույս է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն հաճախակի, որպեսզի պալատի անդամները մշտապես իրազեկվեն ոլորտային նոր նախաձեռնությունների մասին և մասնակցեն դրանց մշակմանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շեշտել են, որ թե´ նախարարությունը, թե´ կոմիտեն բաց են առաջարկների, կառուցողական քննարկումների և հարցերի համար՝ համատեղ որոշելու դաշտի կարգավորման առավել արդյունավետ ուղիները։

29 Ապրիլ, 2026 15:22
Վեր