Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վելես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների պաշտպանության ոլորտին և այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արձանագրվող մտահոգիչ դեպքերին՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց վնասելու, կենդանիների մասնակցությամբ ապօրինի մարտերի կազմակերպման և անցկացման ու այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրների հետ։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը միայն կենդանիների պաշտպանության հարց չէ, այլ նաև հասարակության արժեքային համակարգի, իրավագիտակցության և հանրային պատասխանատվության մակարդակի կարևոր ցուցիչ։
Նման երևույթների նկատմամբ չպետք է լինել հանդուրժող, և անհրաժեշտ է ապահովել դրանց հետևողական կանխարգելում ու իրավական արձագանք։
Պաշտպանը նաև կարևորել է, որ համայնքներում թափառող շների խնդիրը պետք է լուծվի անվտանգ և երկարաժամկետ մեխանիզմներով՝ համադրելով բնակիչների իրավունքները, անվտանգությունը, կենդանիների նկատմամբ պատասխանատու մոտեցումները և բացառելով դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ոլորտում համակարգային և ինստիտուցիոնալ լուծումների մշակման անհրաժեշտությունը՝ ընդգծելով օրենսդրական կարգավորումների կատարելագործման, իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված հետևողական քայլերի ձեռնարկման կարևորությունը։


