Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայի Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը հանդես է եկել ուղերձով՝ ռադիոյի և հեռուստատեսության միաժամանակյա հեռարձակմամբ։
Այս մասին հայտնել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հրապարակելով ուղերձը։
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ 1965 թվականին Ուրուգվայն առաջինն աշխարհում խախտեց լռությունը և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ դեռևս տասնամյակներ առաջ Ուրուգվայը ոչ միայն բացել է իր սահմաններն ու ընդունել նրանց, ովքեր փախչում էին սարսափից, այլև բացել է իր իրավական և բարոյական գիտակցությունը:
«Ուրուգվայն ուշադրությամբ հետևում է այն գոյաբանական մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է Հայաստանի Հանրապետությունը՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն փնտրելու իր ճանապարհին։ Մենք գիտակցում ենք, որ Ուրուգվայը կրում է կրկնակի պատասխանատվություն` շարունակելու իր պատմական հանձնառությունը որպես անցյալի ճշմարտության պաշտպան, և, միաժամանակ, հանդես գալու որպես կառուցողական գործընկեր Հայաստանի Հանրապետության ապագայի կերտման գործում: Ուրուգվայի արտաքին քաղաքականությունը ոչ միայն խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը և ողջ հայ ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածներինն ու ազատազրկվածներինը, այլև աջակցում է այն Հայաստանի հզորացմանը, որն աշխարհի և իր հարևանների հետ երկխոսում է իրավական և քաղաքական ինքնիշխանության դիրքերից»,- նշել է նախարար Լուբետկինը:


