Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր այն ապահով երկրներից է, որտեղ քաղաքացին ապրում է ազատ։ Կարող եմ ասել սա ամենաազատ պետություններից է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Վիգեն Ավետիսը՝ անդադառնալով այսօր նշվող քաղաքացու օրվան։
Ըստ նրա՝ մեր հասարակությունում ատելության տեղ չկա։ Այն, ինչ այսօր դիտվում է որպես ատելության խոսք, արհեստականորեն ներմուծված գաղափարախոսություն է, որի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:
Վիգեն Ավետիսը կարծում է, որ հեղափոխությունը շատ ավելի շուտ կհասներ իր նպատակին, եթե չլինեին համաճարակը և պատերազմը։ «Այս երկու մեծ իրադարձությունները հետ գցեցին գործընթացը մոտ 5-6 տարով, բայց այսօր ոչ միայն քաղաքացու ձայնն է հասանելի իշխանությանը, այլ նաև կառավարության ձայնն է հասանելի ժողովրդին`ստեղծվել է բաց երկխոսություն»,–ասաց նա։
Խոսելով նախկին և ներկա իրավիճակների տարբերության մասին՝ նա նշեց, որ նախկինում մարդիկ գիտեին, որ իրենց կարծիքը արտահայտելու համար կարող են պատժվել, սակայն հիմա իրավիճակը փոխվել է:
«Ես տեսնում եմ մեծ փոփոխություն։ Հայաստանը դարձել է ժողովրդավարական, քաղաքակրթական պետություն։ Այսօր քաղաքացին չի վախենում քաղաքական «էլիտայից», այլ կարողանում է նրա հետ խոսել հավասարը հավասարի պես»,-եզրափակել է քանդակագործը:


