Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու տեսակետից: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջին 8 տարում, ըստ Փաշինյանի, Հայաստանի բազմաթիվ գյուղերում բազմաթիվ փողոցներ են սալարկվել, նորոգվել, այնպիսի փողոցներ, որոնք գյուղի պատմության ընթացքում երբեք բարեկարգ չեն եղել, հողե փողոցները եղել են փոշու մեջ, իսկ անձրևի ժամանակ՝ ցեխի:
«Մենք ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում, որպեսզի գյուղում ապրելը չնշանակի զրկված լինել... Միշտ այդ օրինակն եմ բերում, գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չպետք է զրկված լինեն: Բարեկեցություն ասելով՝ մենք նկատի ունենք նաև բարեկեցություն գյուղական վայրերում: Մեր գյուղերի ցեխի մեջ լինելն է, որ գյուղական բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր արտագաղթի պատճառ է դառնում»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացը միանգամից փոխել հնարավոր չէ, բայց աշխատանքները սկսված են, և գործընթացի տեմպը կապված է նաև ՀԴՄ կտրոնների հետ. «Ինչպիսի արագությամբ առաջ կգնան և ինչ ծավալով, ես էլի անընդհատ կրկնում եմ նույն բանը, այն ծավալով, ինչ ծավալով մենք ամեն անգամ առևտուր անելիս կպահանջենք ու կստանանք ՀԴՄ կտրոններ: Ինչքան շատ ՀԴՄ կտրոններ պահանջենք և ստանանք, այնքան ավելի արագ, ավելի մեծ ծավալներով մեր գյուղերը դուրս կգան ցեխի միջից»:


