Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես երեկ ընդամենն ուզում էի ասել, որ հաշվի առնելով ընդդիմության զգայունությունները չեմ ասում Կտրիճ Ներսիսյան, այս մարդիկ թողեցին, նեղացան գնացին»,-ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այսօր որոշել էր, որ եզրափակիչ խոսքում ասի Գարեգին Բ. «Հետո ասացի՝ կարող է ՔՊ-ն սկսի դմբդմբացնել: Ասեցի՝ հարգելի ընդդիմություն որպես կարմիր գորգ այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ, վերադարձեք խորհրդարան, էդ էլ չթողեցին, որ ասեմ: Ընդդիմությունն այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում, լեգիտիմ չի, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ՝ հեղափոխություն արեք: Ձևերը ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից քայլելով կամ վազելով հեղափոխություն արեք: Դուք ունեք լեգիտիմության խնդիր, իրենք հասկանում են, որ այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, հասկանում են, որ տնվոր են գործուղված: Իրադարձություններն արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը՝ ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են: Սա ՀՀ-ի պրոբլեմն է, կա՛մ մանդատները վայր դրեք և զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ-գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է»:
Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե հոգևորականի իր իդեալը Նավասարդ Կճոյանն է՝ Փաշինյանը նշեց. «Ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ կնստեմ և իր հետ կքննարկեմ այդ օրակարգը: Ես չեմ ասել երբեք, որ կան մերոնքականներ և ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը՝ ոչ: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոնները և դրանք պահելու հստակ մեխանիզմներ կան: Նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար: Մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով: Մենք ինչպես կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցն ախտահարված է, կան փաստեր, որոնց մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և հավատացյալ: ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ Եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն, հոգևոր կյանք չունի, ժխտել է Աստծու հետ իր ուխտը և այդ ուխտադրժությունը փաթաթված է բոլորիս վզին, ես պատրաստ չեմ դրա պատասխանատվությունը կրել: Այսօր Եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր չգիտեն Աստվածաշնչի, Կտակարանի, Ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, նրանց համար Եկեղեցին ընդամենը գործիք է, փող լվանալու մի համակարգ: Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»:


