Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղի է ունեցել «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է ներկաներին Հանրապետության օրվա կապակցությամբ՝ օրը համարելով խորհրդանշական․ «Այսօրվա նկարչական մրցույթը, ինչպես նաև Հանրապետության տոնի զորահանդեսը նվիրված են նույն թեմային՝ խաղաղությանը։ Խաղաղությունը շարունակական աշխատանք է․ խաղաղություն ունենալու համար մեր երկրին պետք են աշխատասեր, ստեղծագործ երեխաներ։ Այս մրցույթը խաղաղության մասին նրանց պատկերացումների, հայացքների մասին է։ Այսօրինակ միջոցառումները միևնույն գաղափարի շուրջ են համախմբում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց՝ ներկայացնելով նրանց տեսլականը»։
Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել մասնակից երեխաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին, ինչպես նաև գործընկերներին՝ մրցույթ-փառատոնը կյանքի կոչելու համար։
Մրցույթ-ցուցահանդեսն անցկացվել է երկու տարիքային խմբերում՝ մինչև 10 և 10–15 տարեկան մասնակիցների համար։ Այս տարի մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ՝ միավորելով Հայաստանի և աշխարհի 18 երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուրուգվայի, Կանադայի, Կիպրոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Բելգիայի, Էստոնիայի, Անգլիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեքսիկայի ավելի քան 3000 շնորհալի երեխաների։
Եզրափակիչ ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային հանձնաժողովի ընտրած 90 լավագույն ստեղծագործությունները։
Միջոցառման շրջանակում հանձնվել են մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։
Հաղթող մասնակիցներն են․
Կրտսեր Խումբ
Գրան պրի՝ Կամիլա Իսկանդարյան 10 տարեկան
Հայաստան
1-ին մրցանակ՝ Անգելինա Ափոյան, 9 տարեկան
Հայաստան
2-րդ մրցանակ՝ Արիանա Սիլվիա Նաջարյան, 5 տարեկան
Կիպրոս
3-րդ մրցանակ՝ Միլենա Կալուստյան, 8 տարեկան
Ֆրանսիա
Ավագ Խումբ
Գրան պրի՝ Ագապի Բալայան, 11 տարեկան
Հայաստան
1-ին մրցանակ՝ Ֆլորա Գալստյան, 12 տարեկան
Հայաստան
2-րդ մրցանակ՝ Ալեքս Նիկողոսյան, 13 տարեկան
Հայաստան
3-րդ մրցանակ՝ Լուսի Լեպեջյան, 11 տարեկան
Հորդանան


