Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ կարելի է ընդհանրապես չզարմանալ այս դավաճանության գործից ու հատկապես նրանից, թե ով է հայտնվել մեղադրյալի աթոռին։ Շատերի համար սա կարող է անսպասելի լինել, բայց իրականում նման պատմությունները տարիներով մեր աչքի առաջ են տեղի ունեցել՝ պարզապես տարբեր մարդիկ տարբեր պատճառներով ձևացրել են, թե չեն նկատում։
Ամդրանիկ Թևանյանը՝ դեռ այն ժամանակ էր անցել վտանգավոր սահմանը, երբ ռուսական հեռուստատեսություններում՝ ռուս քարոզիչների հետ միասին Հայաստանի դեմ քարոզ էր անում, Հայաստանի իշխանությունների մասին բամբասում ու արտաքին լսարանի առաջ սեփական պետությունը ներկայացնում որպես ձախողված ու անկարող երկիր։ Երբ որևէ քաղաքական գործիչ կամ «փորձագետ» իր քաղաքական կարիերան կառուցում է օտար երկրի մեդիա հարթակներում սեփական պետությունը թուլացնելու հաշվին, դա վաղուց արդեն սովորական ընդդիմություն չէ։ Դա բոլորովին այլ բան է։
Բայց խնդիրը մեկ անձը չէ։ Սա համակարգային խնդիր է, որը տարիներով կուտակվել է Հայաստանի պետական ու քաղաքական կյանքում։ Եվ եթե անկեղծ լինենք, վստահ եմ՝ Թևանյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Եթե այսօր իրական, խորը ստուգումներ իրականացվեն պետական ապարատում, օրենսդիր մարմնում, ուժային կառույցներում, նույնիսկ այսպես կոչված «փորձագիտական» ու մեդիա շրջանակներում, շատ արագ կպարզվի, որ խնդիրը մեկ կամ երկու մարդու մեջ չէ։ Այնքան մարդիկ կան, որոնց քաղաքական գոյությունը, ֆինանսավորումը, մեդիա ակտիվությունը կամ «վերլուծությունները» կառուցված են ուրիշ պետությունների շահերին ծառայելու վրա, որ եթե համակարգը իսկապես մաքրվի, տասնյակ, գուցե հարյուրավոր նման դեմքեր կբացահայտվեն։
Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում երկար ժամանակ ձևավորվել է մի «հիվանդ» մթնոլորտ, որտեղ Ռուսաստանի շահերի սպասարկումը հաճախ ներկայացվել է որպես «պրագմատիզմ», «դաշնակցային քաղաքականություն» կամ «ազգային փրկություն»։ Մարդիկ, ովքեր բացահայտ արդարացնում էին Հայաստանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը՝ տարիներով եթերներ էին զբաղեցնում, դասախոսություններ կարդում, «փորձագիտական» կարծիքներ հայտնում ու նույնիսկ հայրենասիրության դասեր տալիս։
Պետության համար ամենամեծ վտանգը միայն սահմանին կանգնած թշնամին չէ։ Երբ պետական ու քաղաքական համակարգի ներսում կան մարդիկ, որոնք իրենց կարիերան, կապերն ու ազդեցությունը կապում են օտար կենտրոնների հետ, այդ վտանգը դառնում է ներսից քայքայող ուժ։ Իսկ ամենացավալին այն է, որ հասարակությունը հաճախ ուշ է հասկանում, թե ովքեր էին իրականում «փրկիչ» ներկայացող այդ մարդիկ։
Հայաստանին այսօր պետք է ոչ միայն ուժեղ բանակ ու անվտանգային համակարգ, այլ նաև քաղաքական և ինստիտուցիոնալ «քիմմաքրում»։ Որովհետև անկախ պետություն կառուցելն անհնար է, եթե պետական համակարգի ներսում օտար շահերին ծառայելը տարիներով մնում է անպատիժ, իսկ երբեմն նույնիսկ խրախուսված։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


