«Բանկն այլևս պարզապես վարկատու չէ, այլ՝  բիզնեսի ռազմավարական գործընկեր»․ Օնիկ Չիչյան Zarkerak - «Բանկն այլևս պարզապես վարկատու չէ, այլ՝ բիզնեսի ռազմավարական գործընկեր»․ Օնիկ Չիչյան
Zarkerak Zarkerak - «Բանկն այլևս պարզապես վարկատու չէ, այլ՝ բիզնեսի ռազմավարական գործընկեր»․ Օնիկ Չիչյան
«Բանկն այլևս պարզապես վարկատու չէ, այլ՝  բիզնեսի ռազմավարական գործընկեր»․ Օնիկ Չիչյան

«Բանկն այլևս պարզապես վարկատու չէ, այլ՝ բիզնեսի ռազմավարական գործընկեր»․ Օնիկ Չիչյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր բանկային համակարգը թևակոխել է մի փուլ, որտեղ հաճախորդի համար առաջնային են դառնում ոչ միայն թվային լուծումներն ու արագությունը, այլև բանկի հետ ռազմավարական գործընկերությունը։

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի կորպորատիվ և մանրածախ բիզնեսի գծով տեղակալ Օնիկ Չիչյանը խոսել է այն մասին, թե ինչպես է փոխվում վարկային շուկան Հայաստանում, ինչ գործիքներով է բանկը զսպում հնարավոր ռիսկերը և զարգացման ինչ միտումներ են կանխատեսվում առաջիկայում:

Ի՞նչն են այսօր առաջնային համարում տնտեսվարողները բանկի ընտրության հարցում. արդյո՞ք միայն տոկոսադրույքն է որոշիչ, թե՞ կարևորվում են նաև այլ հանգամանքներ:

Իրականում բանկի ընտրությունն այսօր շատ բազմաշերտ է. իհարկե, տոկոսադրույքը շարունակում է մնալ կարևոր գործոն, բայց այն այլևս միակ և հաճախ նույնիսկ առաջնային որոշիչը չէ: Մեր փորձը ցույց է տալիս, որ գործարար աշխարհում այսօր առավելագույնս արժևորվում են՝

  • սպասարկման արագությունը. բիզնեսում ժամանակը փող է, և վարկի հաստատման ու տրամադրման սեղմ ժամկետները հաճախ ավելի կարևոր են, քան տոկոսադրույքի չնչին տարբերությունը:
  • ճկունությունը. մենք տեսնում ենք պահանջարկ այնպիսի պայմանների, որոնք հարմարեցված են կոնկրետ բիզնեսի առանձնահատկություններին՝ լինի դա մարման անհատական գրաֆիկ, թե ապահովման միջոցների բազմազանություն:
  • անհատական մոտեցումը և խորհրդատվությունը. տնտեսվարողն այսօր բանկից ակնկալում է ոչ միայն ֆինանսավորում, այլև մասնագիտական աջակցություն՝ բիզնեսի աճին նպաստող ճիշտ լուծումներ գտնելու հարցում:

Կարճ ասած՝ բանկի ավանդական ընկալումը փոխվել է. մենք այլևս պարզապես վարկատու չենք, այլ ռազմավարական գործընկեր, որը կանգնած է բիզնեսի կողքին նրա զարգացման յուրաքանչյուր փուլում:

Խոսելով գործընկերության մասին՝ չենք կարող չանդրադառնալ նաև անվտանգությանը: Որո՞նք են այսօր բանկի համար կորպորատիվ վարկավորման հիմնական ռիսկերը, և ինչպե՞ս է բանկին հաջողվում պահպանել հավասարակշռությունը՝ մի կողմից աջակցելով բիզնեսին, մյուս կողմից՝ կիրառելով վարկունակության գնահատման գործիքակազմը:

Սա թերևս բանկային գործունեության ամենապատասխանատու հատվածն է: Ներկա տնտեսական փոփոխական պայմաններում կորպորատիվ ռիսկերը տարաբնույթ են: Մենք առանձնացնում ենք մի քանի հիմնական ուղղություններ՝ շուկայական տատանումները (արժութային և պահանջարկի փոփոխություն), հաճախորդի դրամական հոսքերի անկայունությունը և, իհարկե, արտաքին տնտեսական ազդեցությունները:

Այս ռիսկերը զսպելու և առողջ վարկային պորտֆել ունենալու համար մենք կիրառում ենք համալիր մոտեցում: Նախևառաջ, իրականացվում է խորքային վերլուծություն. հաճախորդի վարկունակությունը գնահատելիս մենք չենք սահմանափակվում միայն ֆինանսական հաշվետվություններով: Մենք վերլուծում ենք բիզնես մոդելի կայունությունը, կանխատեսում ենք դրամական հոսքերը և գնահատում ենք տվյալ ոլորտի զարգացման հեռանկարները: Կիրառվում է ժամանակակից գործիքակազմ. որոշումների կայացման հիմքում ընկած են վարկային սքորինգային համակարգերը և պարբերական սթրես-թեստավորումը, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կպահի իրեն բիզնեսը տնտեսական տարբեր սցենարների դեպքում: Իրականացվում է պորտֆելի շարունակական դիվերսիֆիկացիա և մշտադիտարկում. մենք խուսափում ենք միայն մեկ ոլորտի վրա կենտրոնացումից և իրականացնում ենք շուրջօրյա մոնիթորինգ, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել խնդիրները դեռ դրանց ի հայտ գալու սկզբնական փուլում:

Մեր նպատակն է ոչ թե պարզապես վարկ տրամադրել, այլ վստահ լինել, որ այդ ֆինանսավորումը բիզնեսին օգնելու է աճել, այլ ոչ թե լրացուցիչ բեռ դառնալ:

Իսկ ի՞նչ ոլորտային առաջնահերթություններ ունի Հայէկոնոմբանկը և ինչպե՞ս են այդ առաջնահերթությունները հատվում Հայաստանի տնտեսական զարգացման միտումների հետ:

Հայէկոնոմբանկի՝ որպես բանկային հատվածի կարևոր դերակատարի ոլորտային առաջնահերթությունները չեն կարող սերտորեն կապված չլինել Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության հետ: Մենք կենտրոնացած ենք այն ճյուղերի զարգացման վրա, որոնք ապահովում են երկարաժամկետ աճ և մրցունակություն: Դրանք են արտադրությունը և վերամշակումը, գյուղատնտեսությունը, ՏՏ և նորարարության ոլորտը,  էներգետիկան, հատկապես վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը:

Այս ամենի կենտրոնում, իհարկե, ՓՄՁ-ների վարկավորումն է: Փոքր և միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության ողնաշարն է. այն ապահովում է զբաղվածության մեծ մասը և ունի աճի ամենաբարձր ներուժը: Ուստի, աջակցելով ՓՄՁ-ներին, մենք նպաստում ենք երկրի ընդհանուր տնտեսական կայունությանը:

Մեզ համար շատ կարևոր է նաև կանանց ձեռներեցության խթանումը և կանաչ ծրագրերի վարկավորումը: Այս հեռանկարային ուղղությունները զարգացնելու համար մենք կիրառում ենք գործիքների լայն զինանոց՝ արտոնյալ տոկոսադրույքներից մինչև երաշխիքային մեխանիզմներ և ֆինանսական կրթության ծրագրեր:

Այս հարցում առանձնահատուկ ուզում եմ կարևորել մեր համագործակցությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ, ինչպիսիք են՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB): Մենք իսկապես հպարտ ենք, որ հնարավորություն ունենք միջազգային լավագույն փորձն ու ֆինանսական միջոցները հասանելի դարձնել մեր հաճախորդներին:

Անցում կատարելով մանրածախ շուկային՝ որո՞նք են բանկի առաջնահերթությունները մանրածախ վարկավորման ոլորտում: Ինչպե՞ս է թվայնացումն այսօր փոխում այս գործընթացը:

Մանրածախ վարկավորման ոլորտում մեր գլխավոր առաջնահերթությունը հաճախորդի համար առավելագույն հարմարավետության և հասանելիության ապահովումն է: Թվայնացումն արմատապես փոխել է ֆիզիկական անձանց վարկավորումը՝ բանկային սրահներից տեղափոխելով այն հաճախորդի սմարթֆոն: Ավտոմատացված համակարգերի շնորհիվ վարկային ծառայությունները 24/7 ռեժիմով հասանելի են դարձել հաճախորդին: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է րոպեների ընթացքում: Ադյունքում, ֆիզիկակապես բանկ այցելելու անհրաժեշտությունը հասցվել է նվազագույնի: Սա թույլ է տվել նաև նվազեցնել գործառնական ծախսերը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս հաճախորդին առաջարկել ավելի մրցունակ և շահավետ տոկոսադրույքներ:

Ի վերջո, մեր նպատակն է լինել հուսալի թվային ուղեկից յուրաքանչյուր հաճախորդի համար:

Ամփոփելով մեր զրույցը՝ խնդրում եմ նշել, թե վարկային շուկայի զարգացման ի՞նչ տեսլական ունի Հայէկոնոմբանկն առաջիկա տարիների համար:

Հայաստանի վարկային շուկան այսօր գտնվում է տրանսֆորմացիայի հետաքրքիր փուլում, և մենք տեսնում ենք շուկայի զարգացումը 4 հիմնական ուղղություններով՝

  • թվային հարթակների առաջանցիկ զարգացում և նորարարություն,
  • անհատականացված մոտեցում, որը թույլ կտա առաջարկել լուծումներ, որոնք անհրաժեշտ են տվյալ բիզնեսին կամ անհատին,
  • կանաչ ֆինանսավորում
  • և հաստատուն աջակցություն ՓՄՁ-ներին:

Հայէկոնոմբանկի զարգացման տեսլականը հիմնված է հավասարակշռության վրա՝ ամրապնդել տարիների ընթացքում վաստակած վստահությունը և շարունակել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Կարևորելով պատասխանատու վարկավորումը՝ մենք չենք ձգտում պարզապես մեծացնել թվերը, մեր նպատակն է, որ յուրաքանչյուր տրամադրված վարկ լինի հիմնավորված և իրապես նպաստի հաճախորդի բարեկեցությանը:

86 86 | aeb.am

22 Մայիս, 2026 20:17
Վեր