Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դուք մանտրայի պես կրկնում եք արդեն տարիներ շարունակ, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ ու դրա պատճառով եղավ պատերազմ: Դուք այսքան ժամանակ եկել ու ասել եք, որ պատերազմը սանձազերծել է Նիկոլ Փաշինյանը՝ իր հայտարարությամբ, հիմա ասում եք՝ մի րոպե, հայտարարությունը չի կարող ծնել պատերազմ, պետք է լինեն հետախուզական տվյալներ և երբ օրիակ՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29 հազար 743 քկմ-ով, դա չի կարող դառնալ կազուս բելի: Բա եթե հայտարարությունը չի կարող լինել պատերազմի պատճառ, ինչու եք մեր հանրությանը տարիներ շարունակ խաբում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձավ պատերազմի պատճառ»,-ԱԺ նիստում դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը նպատակաուղղված և համակարգված կերպով քանդում է խաղաղության ճարտարապետությունը. «Դուք կա՛մ երեսպաշտությամբ եք զբաղվում և ստախոս երեսպաշտությամբ, կա՛մ իսկապես ձեր սիլլոգիզմը փչացել է: Դուք ասում եք, որ Հայաստանը չի բավարարվելու իր այս տարածքային ամբողջականությամբ, ասում եք, որ ՀՀ-ն չպետք է ունենա սահմանազատված սահման, ասում եք, որ պետք է պայքարեք Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի համար, այսինքն՝ դուք սեղանին եք դնում հայտարարությունների և մոտեցումների մի փաթեթ, որն ամբողջությամբ կազմաքանդում է խաղաղության ճարտարապետությունը ու հլը մենք ենք շանտաժ անում, դուք տեղով շանտաժ եք: Բա հաղթած Ռոբերտ Քոչարյանն ինչու երկու անգամ պարտվեց սեփական երկրում սեփական ժողովրդին, հետո սեփական ժողովրդի վրա կրակեց, այդ ոնց եղավ»:


