Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։
Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։
Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։
Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։
Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ դրանք հասցնելով որակապես նոր մակարդակի։

