Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»։ Այդ մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից։
Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։
Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։
STEPS հետազոտության տվյալներով՝
18–69 տարեկան բնակչության 27.8%-ն օգտագործում է ծխախոտ,
տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5%,
կանանց շրջանում՝ 1.8%,
մեծահասակների 56.4%-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը,
26.6%-ը՝ աշխատավայրում։
Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից։


