Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ ՃՇՀԱՀ-ի և հայաստանյան մի քանի այլ բուհերի ուսանողների համար կազմակերպել էին ճանաչողական այց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին:
Ուսանողները ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ այցելեցին «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավային հատվածի շինհրապարակ: Եղան Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի արդեն իսկ փորված թունելներում, դիտարկեցին շուրջ երկու տասնյակ կամուրջների կառուցման աշխատանքները։
Նախարարը և Կոմիտեի նախագահը ուսանողներին` ապագա շինարարներին ու ճարտարապետներին տեղում` Հայաստանի փաստացի ամենամեծ շինհրապարակում, ցույց են տվել իրականացվող աշխատանքների մասշտաբները, պատմել կիրառվող տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ ծրագրերի մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող մասնագիտական հարցերին։
Այցի երկրորդ օրը ուսանողները Գորիս քաղաքում մասնակցել են վարդատունկի: Գորիսում մի ամբողջ բլուր առաջիկայում պատվելու է վարդերով և կոչվելու է «Վարդերի բլուր»:
Ուսանողների հաջորդ կանգառը Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցն էր, որը կառուցվել է պետական բյուջեի միջոցներով, Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ: Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար և ներառում է նաև նախակրթարան։
Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն կառուցված դպրոցների աշակերտների, ուսուցիչների կարծիքները, տեխնոլոգիական նոր հնարավորությունները հաշվի առնելով` նախագծերը կատարելագործվել են հաջորդիվ կառուցվող դպրոցներում։
Ոլորտում գործունեության որակի բարձրացմանը նպաստող քայլերից են լինելու լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը և տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրումը։
Եվ Դավիթ Խուդաթյանը, և Եղիազար Վարդանյանը շեշտել են, որ քաղաքաշինության ոլորտի մասնագետներն այսօր խիստ պահանջված են։ Հաշվի առնելով այս ոլորտում Կառավարության բազմաթիվ ծրագրերը՝ այցի ավարտին մասնակից ուսանողներին ներկայացվել են ՏԿԵ նախարարությունում և կոմիտեում աշխատելու հնարավորությունները։
Նրանք նշել են, որ նախարարության և կոմիտեի դռները բաց են ուսանողների համար և հույս են հայտնել, որ այցի ավարտից հետո կլինեն ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել նախարարությունում և կոմիտեում, մասը դառնալ այն բոլոր ենթակառուցվածքային ծրագրերի, որոնք իրականացվում են այսօր Հայաստանում:

