Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք եկել ենք նավ, որ գնանք կրուիզ, բայց կապիտանն անընդհատ կապվում էր, ասում՝ անվտանգ չի, չենք գնում: Երեկ պաշտոնապես չեղարկվեց կրուիզը, ասացին՝ կա՛մ մնացեք, կա՛մ գնացեք, բայց քանի որ մեր կրուիզը մինչև մարտի 7-ն է և, ինչպես հասկանում ենք, այստեղ ամենաանվտանգն է, մնացել ենք այստեղ, բայց ամսի 7-ից հետո չգիտենք ինչ ենք անելու»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՄԷ-ում՝ Դուբայում որպես զբաոսաշրջիկ գտնվող մեր հայրենակցուհին:
«Մարդիկ շատ անհանգիստ են, ուզում են վայրկյան առաջ գալ, հասնել իրենց ընտանիքներին, կան մարդիկ, որ շատ վախեցված են: Նավում կան մի քանի հայի ընտանիքներ»,-պատմեց նա:
«Կապվել ենք մեր ԱԳՆ-ի հետ, ասել ենք, որ ցանկանում ենք վերադառնալ, բոլոր հնարավոր տարբերակներով համաձայն ենք, քննարկվում էր Օմանով գալու տարբերակը, բայց չգիտենք, որն է ավելի քիչ ռիսկային, եթե Օմանով տարբերակ լինի՝ կգանք, բայց ցամաքով Օման հասնելն է հարցը»,- պատմեց նա:
«Ինչ-որ բան չի երևում, բայց երեկ պայթյունի ձայներ են լսվել, նավում ազդանշան միացավ: Ինտերնետ հասանելիության խնդիր կա, երբ զանգեցինք Հայաստան, մեր տանեցիները շատ վախեցած էին, ավելի՝ քան մենք»,- ասաց նա:
Իրանի հարվածների տակ են նաև Դուբայի նավահանգիստները. «Կարծում ենք, որ մեր նավը չեն թիրախավորի, որոշ նավահանգիստների թիրախավորել ու հարվածել են, բայց որ սա տուրիստական է, չենք կարծում, որ վտանգ կլինի, ամեն դեպքում ներսում վտանգ չենք զգում»,- պատմեց մեր հայրենակցուհին:


