Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 23-ին ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը հանդիպել են ՍփեյսԻքս (SpaceX) ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ-ի կողմից «Ստարլինկ ԷՅԷՄ» ընկերությանը տրամադրված լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության հիման վրա Ստարլինկի (Starlink) միջոցով ՍփեյսԻքսի (SpaceX) կողմից ՀՀ տարածքում արբանյակային կապի ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների (Fixed Satellite Services/FSS) մատուցմանն ու դրանց հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ընկերության կողմից արբանյակային կապի ամրակցված լայնաշերտ ինտերնետային ծառայությունների մատուցման շրջանակում բաժանորդների սպասարկման որակի և արդյունավետության բարձրացման հարցին՝ ներառյալ սպառողների դիմում-բողոքներին արձագանքման լրացուցիչ այլընտրանքային մեխանիզմների կիրառման հնարավորությունները։
Միաժամանակ ներկայացվել են ՀՀ-ում շարժական արբանյակային կապի համակարգերով շարժական կապի ծառայությունների (Mobile Satellite Services/MSS) մատուցման և հասանելիության համար հնարավորություն ստեղծելու և անհրաժեշտության դեպքում դրան առնչվող նոր կարգավորումներ նախատեսելու նպատակով ՀԾԿՀ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու տեսլականը՝ նկատի ունենալով արբանյակային կապի նշված նոր՝ շարժական կապի ծառայությունների MSS տեխնոլոգիայի կիրառությամբ պայմանավորված՝ դրան առնչվող կարգավորման սկզբունքների և մոտեցումների սահմանման վերաբերյալ Եվրոպական միության անդամ պետություններում ներկայումս իրականացվող քննարկումները։

