Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարծում եմ, որ մենք 2027-2028 թվականներին պետք է ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նման ժամանակահատվածում հնարավոր կլինի փոփոխել Սահմանադրությունը՝ հաշվի առնելով, որ Բաքվից նման նախապայմաններ են հնչում՝ վարչապետն ասաց. «Ես ասել եմ, որ Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր քաղաքական օրակարգն է: Պիտի ասեմ նաև, որ այս թեմայով մեր միջև խոսակցություն է եղել նաև Բիշկեքում մեր հանդիպման ժամանակ: Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեր համար ընդունելի չէ, որ Ադրբեջանում մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է: Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասում են, որ Հայաստանի Սահմանադրությունը իրենց ներքին հարցն է և որևէ մեկը Հայաստանի ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի: Քանի որ մենք քննարկում ենք խաղաղության հետ կապված հարցը, իրենք պարզապես տեղեկացնում են, որ ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում: Այսինքն՝ այստեղ կարող է թվալ թե ձևակերպումների առումով տարբերությունը մեծ չէ, բայց իրականում մեծ է: Մենք այստեղ շարունակաբար անում ենք մեր վերլուծությունը, որ եթե փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական ու Կառավարության ծրագրի մաս է, ապա ի՞նչն է մեզ խանգարում, որ հաճելին համատեղենք օգտակարի հետ»:
Վարչապետը նշեց, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը և կմեկնարկվի հանրային քննարկումը, որից հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան:
«Մենք կփորձենք մեր ընդդիմադիր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է և որ դա Հայաստանի պետության հարատևության որոշելու և լուծելու հարց է: Չստացվեց կգնանք նաև ուրիշ սցենարներով, այդ թվում արտահերթ ընտրություններ անելու, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,-ասաց Փաշինյանը:


