Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չնայած Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի հնչեցրած այն հայտարարությանը, որ իրենց ոչ ոք չի օգնել և զենքերը իրենք են ձեռք բերել շուկայական գներով, Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքը չի խաթարում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին օրերին նկատվող հակասություններին:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 2-ին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համաժողովին հայտարարել էր. «Երբ օգնության կարիք ունեինք, ոչ ոք մեզ չօգնեց։ Երբ մենք մեկ միլիոն փախստական ունեինք, ոչ ոք ձեռք չմեկնեց մեզ։ Ամեն ինչ, ինչ ձեռք ենք բերել, գնել ենք գումարով։ Դա վերաբերում է նաև բոլոր զինատեսակներին, որոնք գնվել են համաշխարհային գներով՝ ընդհուպ մինչև վերջին փամփուշտը»։
Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը ձգտում է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքում բարձրացնել իր դերը: «Սա կապված է երկու խնդրի հետ: Առաջինը այն է, որ Ալիևը հիմա փորձում է Ադրբեջանի ներսում նոր ինքնություն ձևավորել: Այսպես ասած՝ «հաղթող ժողովրդի» ինքնություն, մինչդեռ նախորդ տասնմայակներում պարտված լինելով փորձում էր այդ ինքնությունը ձևավորել «Ղարաբաղը հետ բերելու» նախապատարաստական գաղափարների տարածումով: Մյուս կողմից՝ Ալիևի համար շատ կարևոր է, որ ինքը պատմության մեջ մտնի որպես «հաղթող նախագահ»: Այս պատճառով 44-օրյա պատերազմում Թուրքիայի ունեցած դերը միտումնավոր նսեմացվում է, չնայած սկզբնական շրջանում երախտագիտություն հայտնում էին: Այսինքն, խոսքը գնում է Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացների մասին»,-ասաց նա։
Սաֆրաստյանը նշեց, որ Ալիևի երկրորդ խնդիրն է Ադրբեջանը դարձնել միջին պետություն: «Տարածաշրջանային առումով սա նշանակում է, որ Բաքուն ուզում է Հարավային Կովկասում հանդես գալ որպես տարածաշրջանային առաջնորդ՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ: Սա նշանակում է այն, որ ձևավորվել է նոր ստատուս-քվո, որը կայանում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման և Թուրքիայի ազդեցության մեծացման միտումների մեջ: Այստեղ է, որ Ադրբեջանը փորձում է լրացնել այդ վակումը և ցույց տալ իր տեղն ու դիրքը որպես Հարավային Կովկասում առաջնային պետություն՝ այն այսպես ասած փորձելով պոկել Թուրքիայից: Սրա մասին վկայում է նաև Ալիևի ելույթի այն հատվածը, որտեղ ընդգծում է, որ այժմ կա երկու գերտերություն՝ ԱՄՆ-ն և Չինաստանը, այսինքն Ռուսաստանին այլևս էական խաղացող չի դիտարկում»,-ասաց թուրքագետը:
Սաֆրաստյանը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ Ալիևը դժվար թե երկար ժամանակով Թուրքիայի նկատմամբ վարի նման ռազմավարական սրացման քաղաքականություն:
Ըստ բանախոսի՝ թուրքական կողմն էլ առաջացած հակասությունները առաջին հերթին դիտարկում է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների տեսանկյունից, որը հատկապես դրսևորվեց սեպտեմբերին, երբ ՄԱԿ ամբիոնից Նեթանյահուի ելույթի ժամանակ գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները ի նշան բողոքի դուրս եկան դահլիճից, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչը շարունակել էր մնալ ու լսել նրան:
«Իհարկե Ադրբեջանի մերձեցումը Իսրայելի հետ դուր չի գալիս Թուրքիային, որը վերջին տարիներին կապված Գազայի պատերազմի հետ առավել կոշտ քաղաքականություն է վարում հրեական պետության նկատմամբ, չնայած առևտրային ու տնտեսական հարաբերությունների պահպանմանը: Վերջերս Բաքվի դեմ բողոքը առավել բաց ձևով սկսեց արտահայտվել, երբ Ադրբեջանում արգելվեց հիջաբ կրելը: Սրա համար նույնիսկ ցուց կազմակերպվեց Անկարայում Ադրբեջանի դեսպանատան դեմ, դժգոհություն արտահայտվեց մամուլում: Սա իհարկե երկրորդական խնդիր է, սակայն կարծում եմ, որ բարձրացվում է որպես Բաքվին ուղղված ազդանշան, որպեսզի հստակ ցուցադրվի, որ թուրքական հասարակության մեջ դժգոհություն կա Ադրբեջանի նկատմամբ: Մյուս կողմից Թուրքիան ձգտում է այս փոքր ռազմավարական սրացումը հնարավորինս մեղմի, թուլացնի: Դա հատկապես դրսևորվեց արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարություններում, որտեղ շարունակում էր շեշտադրումներ կատարվել Ադրբեջանի հետ բարեկամության ու դաշնակցության վրա: Այսինքն մի կողմից հասարակական դժգոհություն է արտահայտվում, մյուս կողմից պաշտոնական մակարդակով, ընդգծվում է բարեկամության մասին»,-ասաց Սաֆրաստյանը:
Նրա գնահատմամբ կողմերի միջև կա նաև երկրներում իշխող էլիտաների աշխարհընկալման խնդիր: Եթե Էրդողանի կառավարությունը առավել իսլամական ուղղվածություն ունի, ապա Ալիևի դեպքում կրոնական գործոնը հնարավորինս թուլացած է:
«Ընդհնարապես Ադրբեջանի էլիտայի համար իսլամը գոյություն չունի և կարծում եմ, որ նրանք իսկապես աթեիստներ են, չնայած որ Ալիևը մեկ-մեկ հայտարարում է իսլամը հարգելու մասին և ցուցադրաբար այցելում մզկիթներ: Սակայն, հակված չեմ կարծելու, որ այս հակադրությունը կարող է հանգեցնել ռազմավարական դաշինքի թուլացմանը: Նման տարբերությունը երբեմն կօգտագործվի դաշինքի ներսում դերերի ձևափոխման համար՝ Ադրբեջանը կփորձի ավելի ինքնուրույն հանդես գալ»,-ասաց թուրքագետը:
Սաֆրաստյանը նաև նշեց, որ նմանատիպ հակադրություններ երկու երկրների դաշինքի պատմության մեջ նկատվել է նաև 1990-ական թվականներին:
«Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կառավարման տարիներին սերտ հարաբերություններ էր ձևավորվել Թուրքիայի հետ: Սակայն, երբ 1993 թվականին իշխանության է գալիս Հեյդար Ալիևը թուրքական մամուլը սկսել էր բավականին բացասական գրել նրա մասին: Սրա պատճառը նրանում էր, որ Ալիևը եղել էր Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարը, իսկ դրանից առաջ երկար տարիներ ղեկավարել էր Ադրբեջանի ՊԱԿ-ը, որի գաղտնի հետախուզության հիմնական ուղղությունը եղել է Թուրքիան: Այսինքն նա աշխատել էր Թուրքիայի դեմ, որն էլ բարձրաձայնվում էր թուրքական մամուլում: Հետո Ալիևը վախ ուներ կապված Ադրբեջանում թուրքական զինվորական խորհրդատուների ու ռազմական ակադեմիաներում դասավանդող դասախոսներից և կարծում էր, որ նրանց ազդեցության մեծացումը զինվորականության շրջանում կարող էր հանգեցնել իր իշխանության տապալմանը: Արդյունքում նա հրամայեց, որպեսզի մի գիշերվա ընթացքում թուրք խորհրդականները լքեին Ադրբեջանի տարածքը, ինչը երկրների միջև հանգեցրեց որոշակի հակասությունների»,-ասաց նա:
Չնայած Թուրքիայի գլխավոր նպատակը եղել է և մնում է Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտի վերածելը, սակայն, ըստ Սաֆրաստյանի, Անկարան միշտ զգուշավոր քաղաքականություն է վարել՝ հատկապես այն ժամանակահտվածում, երբ տարածաշրջանում ուժեղ էր Ռուսաստանի դերը:
«Երբ 2010 թվականին ստորագրվեց Թուրքիա-Ադրբեջան պայմանագիրը, այնտեղ ուղիղ չէր նշվում, որ անհրաժեշտության դեպքում Անկարան ռազմականա ջակցություն կցուցաբերի ադրբեջանական կողմին: Պայմանագրում կատարված ձևակերպումներն այնպիսին էին, որ եթե բառացի ասենք, Թուրքիան պետք է մտածեր ռազմական աջակցություն ցույց տալու կամ չտալու շուրջ: Մինչդեռ, արդեն 2021 թվականին ստորագրված Շուշիի հռչակագիրում հստակ էր ընդգծվում, որ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերելու Ադրբեջանին: Սա շարունակում է մնալ ուժի մեջ և որոշ ժամանակ կպահպանվի և Բաքուն դժվար թե այնքան ինքնուրույն դառնա, որ լուրջ խզումների գնա Թուրքիայի հետ»,-ասաց թուրքագետը:
Սաֆրաստյանը նաև նշեց, որ իր գնահատմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապելը Էրդողանի ռազմավարական սխալն էր:
Նրա խոսքով Թուրքիան այժմ ավելի քան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ կապված «Միջին միջանցքի» և ԹՐԻՓՓ նախագծերի հետ, որի նպատակը դրանցից հնարավորինս շատ օգտվելն է:
«Եթե Ադրբեջանը փորձում է դառնալ միջին պետություն, ապա Թուրքիան էլ լինելով տարածաշրջանային մակարդակով միջին պետություն, ձգտում է ավելի վերև բարձրանալ և դառնալ համաշխարհային պետություն: Սա նշանակում է, որ Թուրքիայի համար, որպես տրանսպորտային հաբ, կարևոր է բարձրացնել իր դերակատարումը՝ Չինաստանից Եվրոպա անցնող այս ճանապարհների համատեքստում: Հատկապես, որ վերջին տարիներին նկատվում է ծովային ուղիների վտանգավոր լինելը և ցամաքային ճանապրհներին ու միջանցքներին տրվող կարևորությունը: Հայաստանի համար կարևոր է որպեսզի ներգրավվի տրանսպորտային հաղորդակցության մեջ: ԹՐԻՓՓ-ը կոչված է այդ նպատակներին ծառայել, պետք է նաև ավելի ընդարձակել տրանսպորտի դերը և օգտագործել դեպի հյուսիս ու հարավ ընթացող երկաթուղիները: Ռազմավարական առումով Հայաստանի դերը պետք է լինի այս տրանսպորտային ուղիների շրջանակում իր նշանակությունը ունենալը»-ասաց Սաֆրաստյանը:


