Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պետություն-քաղաքացի հարաբերությունների իր պատկերացման առանցքային բանաձևերից մեկը։ «Մարդը պետք է ուժեղացնի պետությանը, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն»,- հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքը կառավարության առաջիկա տարիների աշխատանքի գլխավոր արձանագրումներից մեկը պետք է լինի։
Վարչապետի ձևակերպմամբ՝ պետության ուժը պետք է գնահատվի ոչ միայն պետական ինստիտուտների, բանակի կամ տնտեսության հզորությամբ, այլև այն հանգամանքով, թե որքանով է պետությունը կարողանում ուժեղ, ազատ և ինքնուրույն քաղաքացի ձևավորել։
Փաշինյանի ներկայացրած մոտեցման հիմքում քաղաքացու և պետության փոխադարձ պատասխանատվությունն է։ Մի կողմից՝ քաղաքացին պետք է իր աշխատանքով, գիտելիքով, նախաձեռնությամբ և օրենքի նկատմամբ հարգանքով նպաստի պետության զարգացմանը։ Մյուս կողմից՝ պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնցում մարդը կարող է լիարժեք իրացնել իր ներուժը։
Այս տրամաբանության համաձայն՝ ուժեղ պետությունը ոչ թե սահմանափակում է քաղաքացուն, այլ ընդլայնում նրա հնարավորությունները։
Կրթությունը, առողջապահությունը, անվտանգությունը, աշխատանքի հնարավորությունները, սոցիալական պաշտպանությունը և արդարադատության հասանելիությունը այս տեսանկյունից դառնում են ոչ միայն առանձին ոլորտներ, այլև պետության՝ մարդուն ուժեղացնելու գործիքներ։
«Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն» ձևակերպումը հատկապես կարևոր է այն առումով, որ իշխանությունը փորձում է փոխել քաղաքացու և պետական համակարգի հարաբերությունների ավանդական ընկալումը։ Քաղաքացին պետությունից պետք է ստանա ոչ միայն ծառայություններ կամ սոցիալական աջակցություն, այլև իր սեփական կարողությունները զարգացնելու հնարավորություն։ Եթե մարդը ստանում է որակյալ կրթություն, ունի աշխատելու և բիզնես ստեղծելու հնարավորություն, վստահում է իրավական համակարգին և իրեն անվտանգ է զգում սեփական երկրում, ապա այդ մարդն ինքն է դառնում պետության հզորացման գործոն։
Պետություն-քաղաքացի հարաբերությունների այս մոտեցումը տեղավորվում է Փաշինյանի կողմից ներկայացվող «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում, որի հիմնական շեշտադրումներից մեկը Հայաստանի Հանրապետության՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում քաղաքացիների համար անվտանգ, խաղաղ և ազատ կյանքի պայմաններ ստեղծելն է։
Այս համատեքստում պետության արդյունավետությունը պետք է չափվի ոչ միայն արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ցուցանիշներով, այլև շատ ավելի առօրյա հարցերով՝ քաղաքացին որքան անվտանգ է ապրում, որքան ազատ է գործում, որքան հնարավորություն ունի աշխատելու, ստեղծելու և զարգանալու։
Փաշինյանի հնչեցրած ձևակերպումը քաղաքական առումով պարզ է, սակայն դրա իրական արժեքը կախված է գործնական արդյունքներից։
Եթե պետությունը ցանկանում է, որ քաղաքացին ուժեղացնի իրեն, անհրաժեշտ է, որ քաղաքացին տեսնի իր աշխատանքի արդյունքը։ Իսկ պետությունը մարդուն կարող է ուժեղացնել միայն այն դեպքում, երբ պետական համակարգերը գործում են արդյունավետ, օրենքը կիրառվում է հավասարապես, իսկ քաղաքացին ունի զարգացման իրական հնարավորություններ։
Այս իմաստով կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը դառնում է ոչ միայն տնտեսական կամ կառավարչական փաստաթուղթ, այլև պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մոդելի փորձարկման հարթակ, կամ այսպես ասած յուրօրինակ պայմանագիր։ Այս մոդելի գործնական արդյունքը պետք է երևա արդեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Հինգ տարի անց պարզ կդառնա՝ կառավարություն-քաղաքացի «պայմանագիրը» երկարաձգվի, թե կխզվի։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


