Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրում B խմբի դիմակայություններն ավարտվեցին ուշագրավ արդյունքներով։
Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Կանադային, իսկ Բոսնիա և Հերցեգովինան վստահ առավելության հասավ Կատարի նկատմամբ:
Շվեյցարիայի և Կանադայի միջև հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։ Հաղթողների կազմում աչքի ընկան Ռուբեն Վարգասն ու Յոան Մանզամբին, իսկ կանադացիների միակ գնդակը հեղինակեց Պրոմիս Դևիդը։ Վաստակելով 7 միավոր՝ Շվեյցարիայի ընտրանին B խմբում գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Կանադան 4 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և նույնպես նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում, որը կայացավ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում, Բոսնիա և Հերցեգովինան 3:1 հաշվով պարտության մատնեց Կատարին։ Արդեն 29-րդ րոպեին Քերիմ Ալայբեգովիչը առաջ մղեց բոսնիացիներին, իսկ հինգ րոպե անց քաթարցիների դարպասապահ Մահմուդ Աբունադայի ինքնագոլի շնորհիվ հաշվի տարբերությունը կրկնապատկվեց։ 42-րդ րոպեին Հասան Ալ-Հայդոսին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել, սակայն 80-րդ րոպեին Էրմին Մահմիչը խփեց բոսնիացիների երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
Այս հաղթանակի շնորհիվ Բոսնիա և Հերցեգովինան վաստակեց 4 միավոր՝ զբաղեցնելով խմբի երրորդ հորիզոնականը, ինչը թույլ է տալիս պահպանել 1/16 եզրափակիչ դուրս գալու շանսերը։ Կատարը 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը և հրաժեշտ տվեց Աշխարհի առաջնությանը։
Աշխարհի 2026 թվականի առաջնության վճռորոշ՝ երրորդ տուրում Բրազիլիայի և Մարոկկոյի հավաքականները հաղթանակներ տոնեցին իրենց մրցակիցների նկատմամբ՝ ապահովելով իրենց տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում։
Մայամիում կայացած C խմբի հանդիպումն ավարտվեց բրազիլացիների բացարձակ առավելությամբ. նրանք 3:0 հաշվով ջախջախեցին Շոտլանդիայի հավաքականին:
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ ևս մեկ գնդակ իր ակտիվում գրանցեց Մատեուս Կունյան:
Երկրպագուների համար հանդիպման ամենասպասված իրադարձություններից մեկը Նեյմարի վերադարձն էր: Հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին՝ անցկացնելով իր առաջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում 2023 թվականից ի վեր:
Զուգահեռաբար, Ատլանտայում (ԱՄՆ) կայացած խաղում Մարոկկոյի ընտրանին կարողացավ կամային հաղթանակ կորզել Հայիթիի հավաքականի դեմ խաղում՝ հաղթելով 4:2 հաշվով: Աֆրիկյան թիմի կազմում աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սուֆիան Ռահիմին և Գեսիմ Յասիմը:
Չնայած պարտությանը՝ Հայիթիի հավաքականի համար այս խաղը պատմական նշանակություն ուներ. թիմը խփեց 21-րդ դարում աշխարհի առաջնություններում իր առաջին գոլերը (վերջին անգամ դա նրանց հաջողվել էր 52 տարի առաջ՝ ԱԱ-1974-ի ժամանակ):
Գոլերից մեկը հեղինակեց հարձակվող Վիլսոն Իզիդորը, իսկ երկրորդ գնդակը գրանցվեց որպես Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուի ինքնագոլ:
Աշխարհի 2026 թվականի առաջնության A խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի վճռորոշ հանդիպումները։
Մրցաշարի տանտերերից Մեքսիկայի հավաքականը կրկին հաղթեց և անառիկ պահեց իր դարպասը. Չեխիան դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության տանտերերի երրորդ «զոհը»: Հանդիպումն ավարտվեց Մեքսիկայի խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով: 55-րդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Չավեսը, 61-րդ րոպեին Խուլիան Կինյոնեսը կրկնապատկեց այն, իսկ 90+4-րդ րոպեին Ալվարո Ֆիդալգոն ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:
Մեքսիկան ջախջախեց Չեխիային՝ ապահովելով իր երրորդ հաղթանակը խմբային փուլի երեք խաղերում։ Մեքսիկացիները հաղթեցին A խմբում և ոչ միայն միավոր չկորցրին, այլև մինչև այժմ մրցաշարում նույնիսկ գոլ չեն բաց թողել՝ ապահովելով գնդակների տպավորիչ՝ 6-0 տարբերություն:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում պատմական արդյունք գրանցվեց։ Պատմության մեջ առաջին անգամ Հարավային Աֆրիկան դուրս եկավ 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ՝ 1-0 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզելով Հարավային Կորեայից։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 63-րդ րոպեին հեղինակեց Մասեկոն:
Այս արդյունքներից հետո Հարավային Աֆրիկան 4 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը: Արդեն պարզ է, որ 1/16 եզրափակիչում աֆրիկյան ընտրանին կմրցի B խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Կանադայի հավաքականի հետ։
Հարավային Կորեան 3 միավորով A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, ուստի դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմերից մեկը, թե ոչ։ Չեխիայի հավաքականը 1 միավորով մնաց վերջին հորիզոնականում և ավարտեց ելույթները մունդիալում։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում 1/16 փուլի եզրափակչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներն ու երրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 8 թիմեր:

