Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին պատկանող «168 ժամ» կայքը հոդված է հրապարակել, որով մեղադրում է իշխանություններին, որ վերջիններն այսօր միջամտում են բիզնեսի գործերին, երբեմն նույնիսկ «խլում են» կամ պետականացնում են որոշ խոշոր բիզնեսների բաժնեմասերը։ Սաթիկ Սեյրանյանին պատկանող կայքում կամ չեն հասկանում ինչ է նշանակում բիզնես խլելն ու պետականացնելը, կամ ուղղակի փորձում են ներկա գործընթացները դիտավորյալ ներկայացնել որպես անցյալի շարունակություն։ Սակայն նման համեմատությունները ոչ միայն մակերեսային են, այլև վտանգավոր՝ հասարակությանը մոլորեցնելու տեսանկյունից։
Առաջին հերթին անհրաժեշտ է հստակ տարանջատել «բիզնես խլելը» և «պետականացումը»։ Սրանք ոչ թե հոմանիշներ են, այլ հակադիր բովանդակություն ունեցող երևույթներ։ Բիզնես «խլելը» ենթադրում է ապօրինի, հաճախ կոռուպցիոն մեխանիզմներով սեփականության զավթում՝ այն փոխանցելով որոշակի անձանց կամ խմբերի։ Նման բազմաթիվ օրինակներ հանրությանը հայտնի են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից։ Իսկ պետականացումը՝ ճիշտ հակառակը, իրավական գործընթաց է, որն իրականացվում է հանրային շահի գերակայությամբ և թափանցիկության ու հաշվետվողականության պայմաններում։
Մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությունները, կամ իշխանությունների հետ փոխկապակցված մարդիկ՝ փեսաները, եղբայրները, անձնական օգտագործման վարորդները՝ ուրիշներից բառացիորեն խլում էին բիզնեսները։ Այդ գործընթացները հաճախ ուղեկցվում էին հարկային ճնշումներով, վարչական լծակներով և ուղղակի սպառնալիքներով։ Արդյունքում ձևավորվում էին արհեստական մենաշնորհներ, իսկ շահույթները ոչ թե ուղղվում էին պետական բյուջե, այլ կուտակվում էին նեղ շրջանակների գրպաններում։
Այս համատեքստում կարող ենք հիշել նաև ՊԵԿ նախկին նախագահ, տխրահռչակ Գագիկ Խաչատրյանի գործունեությունը։ Նրա օրոք այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որոնց պատճառով ֆրանսիական կապի օպերատոր «Orange Armenia»-ն հեռացավ հայկական շուկայից։ Դրա արդյունքում շուկան կլանեց հենց Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Ucom» ընկերությունը, որի կապերը իշխանության հետ բազմիցս քննարկման առարկա են դարձել։ Սա դասական օրինակ է՝ թե ինչպես կարող է պետական լծակը ծառայել ոչ թե հանրային, այլ մասնավոր շահերին։
Այսօր, սակայն, պատկերն էականորեն փոխվել է։ Այո, կան դեպքեր, երբ պետությունը միջամտում է խոշոր բիզնեսների գործունեությանը, և որոշ ակտիվներ անցնում են պետական վերահսկողության տակ։ Սակայն այդ գործընթացները տեղի են ունենում այլ տրամաբանությամբ։ Խոսքը հիմնականում վերաբերում է այն ընկերություններին, որտեղ առկա են եղել լուրջ կառավարման խնդիրներ, պարտքեր, կամ հանրային շահի խախտումներ։
Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտում գործող խոշոր ձեռնարկությունների շուրջ զարգացումները պետք է դիտարկել ոչ թե որպես բիզնեսի «յուրացում» , այլ որպես փորձ՝ կարգավորելու ոլորտը, բարձրացնելու թափանցիկությունը և ապահովելու, որ բնական ռեսուրսներից ստացվող եկամուտները ծառայեն պետությանը և հասարակությանը։ Սա հատկապես կարևոր է այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների դեպքում, ինչպիսին է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Հարցը պարզ է՝ ո՞ւմ են ծառայում այդ բիզնեսներից ստացվող եկամուտները։ Եթե դրանք ուղղվում են պետական բյուջե, օգտագործվում են ենթակառուցվածքների, սոցիալական ծրագրերի և ազգային անվտանգության ամրապնդման համար, ապա դժվար է դա անվանել «թալան» կամ ուրիշի բիզնեսի յուրացում։ Ընդհակառակը՝ դա կարող է դիտարկվել որպես պետության բնական և անհրաժեշտ միջամտություն։
Իհարկե, ցանկացած պետական միջամտություն պետք է լինի առավելագույնս թափանցիկ, իրավաչափ և վերահսկելի։ Սակայն ներկայիս իրավիճակը հավասարեցնել նախկինում գոյություն ունեցած համակարգային կոռուպցիային՝ նշանակում է կամ չհասկանալ տարբերությունը, կամ դիտավորյալ անտեսել այն, կամ ստել։
Վերջիվերջո, առողջ տնտեսության հիմքում ընկած է ոչ թե պետության լիակատար բացակայությունը, այլ հավասարակշռված հարաբերությունը պետության և մասնավոր հատվածի միջև։ Այնտեղ, որտեղ պետությունը հանդես է գալիս որպես կարգավորող և հանրային շահի պաշտպան, տնտեսությունը կարող է զարգանալ կայուն և կանխատեսելի կերպով։
Ուստի, «բիզնես խլելու» մասին հնչող պնդումները պահանջում են ոչ թե հուզական ու պոպուլիստական հայտարարություններ, այլ սառը և փաստարկված գնահատում։ Իսկ այսօրվա իրավիճակը լավագույնս ցույց է տալիս, որ Հայաստանը, բոլոր խնդիրներով հանդերձ, այլևս չի ապրում այն իրականությունում, որտեղ բիզնեսը խլում էին հօգուտ ընտրյալների։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


