Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երեկ օրինակ Երևանում 10 բալանոց խցանումներ էին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նկատեց ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովը: Իսկ նման խցանումները Երևանի առօրյան են դարձել:
Երևանի քաղաքապետարանը, կարծես, ևս անհանգստացած է խցանումներով: Երեկ Երևանի ավագանին ընդունեց «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու որոշումը՝ 2026թ-ի համար նախանշելով երկու հիմնական ծրագիր՝ հանրային տրանսպորտի դիսպետչերիզացիա և ընդհանուր երթևեկության կառավարում:
Երևանի քաղաքապետի խոսքով, համակարգի կառավարման հին տեխնոլոգիաները փոխարինման կարիք ունեն, իսկ խցանումներից քաղաքը ձերբազատելու հարցում հնարավոր է անհատական ավտոմեքենաների սահմանափակումներ մտցվեն, թե ինչպիսի՝ դեռ հայտնի չէ:
«Աչքներս փակե՞նք, իբր թե 2020 թվականն է՝ 45 000 նոր ավտո է մտել էս երկիր, որից 10 000-ը՝ Երևան, ամեն օր 5-7 հազար մեքենա էլ մարզերից է գալիս»-,հայտարարել է Տիգրան Ավինյանը:
«Կա կարծիք, որ եթե այս տարի 10 հազար մեքենա ավելացել է, ապա վերջ՝ քաղաքը տրաքեց: Բայց վերջին ժամանակաշրջանում Երևանում մոտ 400, անգամ՝ 500 հազար մեքենա է շահագործվում է, 10 հազար մեքենան կաթիլ է օվկիանոսում, նշվում է, որ 5-7 հազար մեքենա էլ ամեն օր գալիս է մարզերից, դժվար թե սպասենք, որ մարզից մի մեքենա մտնի ու ամբողջ քաղաքն այս վիճակում հայտնվի: Եթե համայնքային նոր կառույցը խցանումների խնդիրը տարածի միայն այս տիրույթում, ապա հին կառույցից չի տարբերվելու»,- նշեց փորձագետը:
«Մասնավորապես՝ 2018-2021 թվականներին տարեկան 40-60 հազար մեքենա էր ներմուծվում ՀՀ, 20-30 հազարը ստաբիլ ավելանում էին երթևեկության մեջ, այս 10 հազարը ռեկորդային մինիմում է, դրա պատճառով ո՞նց կարող է նման խցանում լինել: Երևանում շարժը մոտ 36 կմ/ժամ է, այդ 10 հազար մեքենան երթևեկության մեջ մտնելու դեպքում դառնում է օրինակ 35 կմ/ժամ»:
Փորձագետի խոսքով ամենամեծ խնդիրը պլանավորման բացակայությունն է: Նա համաձայն չէ կարծիքին, որ Երևանի համար մեքենաների նման թիվը շատ մեծ է ու խցանումներն անխուսափելի են.«Աշխարհում բոլոր մեծ քաղաքներն ունեն խնդիր, բոլոր տեղերում խցանումներ կան, բայց կան վայրեր, որտեղ կարգավորումներ չկան, Երևան այդ քաղաքներից է՝ մեր քաղաքում նույնիսկ դեռ մոդել չեն ընտրել խնդիրը մեղմելու համար»:
Եթե մի կողմ դնենք մեքնենաների թվի աճը, ինչի հետևանք են մայրաքաղաքում նման խցանումները, ըստ նրա խնդիրները համակարգային են էստակիադաների բացակայությունից, մինչև գծանշումների բացայակություն կամ թերություններ, անարդյունավետ որոշումներ և փոփոխություններ: Խաչատուրովի խոսքով՝ թեթև վթարների դեպքում մեքենաները մինչև 15 րոպե հետո ճանապարհից հեռացնելու որոշումը կենսունակ չէ.«Կարմիր գծերի թանկացման դեպքում կար հիմնավորում, որ դրանք նաև նպաստելու են խցանումների նվազմանը, մինչդեռ հարցը չի լուծվել: Աղաղակում ենք, որ կենտրոնի մուտքերի մոտ հարկավոր է սարքել ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ՝ հարկերով: Դրա համար քաղաքապետարանին պլան ենք առաջարկել, որ տենդեր հայտարարվի, գործարարները կառուցեն, եկամուտները քաղաքապետարանի հետ կիսեն, բայց դա արձագանք չի ստացել»:
Քաղաքապետարանը տևական ժամանակ է ավտոբուսների համար առանձնացում է երթևեկելի հատված, ինչ արդյունք է տվել այս փոփոխությունը.«Առանձին գիծ ապահովելը բերելու էր մեքենաների հոսքի դանդաղեցման, բայց ծրագիրը պետք է իրագործել և ամբողջությամբ, պլանը պետք է մշակվի ոչ թե 10 օրվա ու 10 մետրի համար, այլ երկարաժամկետ՝ այլապես սկսում է հետընթաց: Մենք ասում ենք՝ ավելացնելով ավտոբուսի գծեր, թույլ տվեք, որ նաև ժամանակավոր այլ տրանսպորտային միջոցներ այդ գծից օգտվեն՝ օրինակ լիցենզավորված տաքսիներ, այլ ծառայությունների մեքենաներ, որոնք սակավաթիվ են, սակայն շատ են պտտվում քաղաքում»:
Ըստ նրա կարևոր խնդիր է նաև քաղաքում մեծ բեռնատարների երթևեկության մեջ լինելը, թեև Կենտրոնում բեռնատարների երթևեկությունը ժամային որոշ սահմանափակում ունի, բայց սա փորձագետի խոսքով իրավիճակը չի թեթևացնում, սահմանափակումները պետք է տարածել ամբողջ քաղաքի վրա.«Նման որոշման դեպքում երեկոյան ժամերին թեթև մարդատարների վարորդներն արդեն իրենք են ընտրության առաջ կանգնելու՝ բեռնատարների հետ մտնեն խցանման մեջ, թե ոչ: Կա ստատիստիկա, որ շրջանաձև երթևեկության խաչմերուկներում ամենաշատ վթարները, հետևաբար՝ խցանումները, լինում են բեռնատարի ու թեթև մարդատարի մասնակցությամբ, առնվազն հարկավոր է դրանց երթևեկությունները տարանջատել»:

Երբ քաղաքապետը նշում է, որ հնարավոր է անհատական մեքենաներիի սահմանափակումներ, սա ինչ տարբերակներ կարող է ենթադրել: Խաչատուրովի խոսքով աշխարհում տարածված մոդել է, ըստ օրերի կենտ կամ զույգ համարանիշներով մեքենաների մուտքի թույլտվությունը.«Կան նաև այլ տարբերակներ, օրինակ՝ փոքր Կենտրոնում մուտքը թույլատրվում է միայն տեղի բնակիչներին, կամ մուտքը թույլատրվում է բոլորին, բայց ոչ բնակիչներին կայանում չի թույլատրվում, այս ամեն հսկում են տեսախցիկներով, խախտումների դեպքում տուգանում են: Կա նաև տարբերակ, որ օրինակ շաբաթ-կիրակի օրերին որոշ փողոցներով սահմանափակվում է մեքենաների շարժը: Իհարկե նման լուծումները պետք է արվեն աստիճանաբար, ոչ միանգամից: Մարդիկ պետք է ադապտացվեն իրավիճակին, տեղեկացված լինեն քաղաքն ուր է գնում, ինչպես է զարգանում, ինչն է հաջորդ տարի փոխվելու, արգելվելու կամ թանկանալու, որ իրենց վարքը հարմարեցնեն իրավիճակին»:



