Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025-ի թվականի 10 ամսվա ընթացքում անչափահասների նկատմամբ բռնության ընդհանուր առմամբ 527 դեպք է արձանագրվել, որից ընտանեկան բռնության՝ 96: 2024-ի 10 ամիսների ընթացքում արձանագրվել է 413 դեպք, որից ընտանեկան՝ 64:
«Եթե ընտանիքում կա անչափահասի նկատմամբ բռնության դեպք, դա չի վերաբերում միայն այդ ընտանիքի անդամներին, այլ հանրային գանգատ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտանիքում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերին, ասաց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը:

Ինչպես է հայտնի դառնում, որ ընտանիքում անչափահասը ենթարկվում է բռնության
«Բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները հիմնականում ստանում ենք ահազանգի կամ սոցիալական աշխատողի միջոցով, բայց առավել հաճախ բացահայտվում է ոստիկանության կողմից իրականացված ստուգումների արդյունքով: Երբ ընտանիքում բռնության դեպք է առկա, սակայն անչափահասի մասով լրացուցիչ տեղեկություն չկա, ճշտումներ ենք իրականացվում հասկանալու համար՝ երեխան ևս ենթարկվել է բռնության, թե ոչ: Եթե երեխայի նկատմամբ բռնության որևէ գործընթաց չի իրականացվել, բայց նա ներկա է եղել բռնությանը, դա դիտում ենք և արձանագրում ենք որպես բռնության փաստ, թեև կա մտայնություն, որ բռնությունը ընկալվում է որպես միայն գործողությունների շղթա»:
Ով է բարձրաձայնում բռնության մասին
«Որպես կանոն, ծնողներից մեկն է ահազանգում ոստիկանություն, հնարավոր է բռնության ենթարկված ծնողը միաժամանակ նշելով, որ իր անչափահաս երեխան ևս ենթարկվել է բռնության»,- նշեց մեր զրուցակիցն ու ընգծեց, որ ավելի շատ արական սեռի ներկայացուցիչների կողմից է բռնություն գործադրվում:
Շրջապատը, որպես կանոն, լուռ է
Չեմ տեսել, չեմ լսել, տեղյակ չեմ, ոստիկանությունը հաճախ լսում է հենց այս արձագանքը ընտանիքում անչափահասին բռնության ենթարկելու դեպքի վերաբերյալ:
«Քիչ դեպքերում են ստացվում ահազանգեր նաև ընտանիքին շրջապատողների կողմից: Այս մասով մենք շատ մեծ իրազեկման գործ ունենք անելու, նման դեպքերը բավականին մեծ լատենտային բնույթ են, իսկ հարևանները, բարեկամները հարցը համարում են ընտանիքի անձնական տիրույթ: Մինչդեռ սա հանրային հանցավորության դեպք է, այլ ոչ մասնավոր դրվագ: Բռնության դեպքի արձանագրման գործընթացում, երբ ապահովում ենք կողմերի լսված լինելու իրավունքը՝ այդ թվում երեխային ենք հարցեր տալիս,ճշտող հարցեր ենք տալիս նաև երրորդ անձանց, որոնք կարող են փաստական տվյալներ հայտնել», - նշում է մասնագետն ընդգծելով՝ այլ հարց է, թե որքանով են այս անձինք համագործակցային, մինչդեռ սա այն դեպքն է, որ պետք է փոխանցվի տեղեկատվություն՝ անկախ միջանձնային հարաբերություններից:
«Ունենք այս «կուլտուրան» ուրիշի ընտանիքում բռնության դեպքերի մասին ոստիկանությանը տեղեկություններ չփոխանցելու»:

Ինչ է լինում բռնության ենթարկված երեխայի հետ փաստն արձանագրելուց հետո
«Քանի որ ՆԳՆ-ն երեխայի նկատմամբ բռնության դեպքերի արձանագրման պատասախանատու գերատեսչություն է, հայտնաբերելով բռնության դեպքը, անհապաղ կամ մեկ օրվա ընթացքում տեղեկությունները փոխանցում ենք խնամակալության և հոգաբարձության մարմին, որը գնահատում է անչափահասի օգնություն տրամադրելու, համապատասխան աջակցության կենտրոն տեղափոխելու կամ երեխայի ցերեկային խնամքի հաստատություն տեղափոխելու անհրաժեշտությունը»,- ասաց Խաչատրյանը և բացատրեց, որ եթե դեպքն արձանագրվում է պետական մարմինների համար ոչ աշխատանքային օր, ապա այս գործընթացն անմիջապես իրականացնում է ոստիկանությունը:
Թե Հայաստանի հատկապես որ շրջաններ են առավել ռիսկային ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության առումով միանշանակ չէ.«Թվային վերլուծությունը խաբուսիկ է, քանի որ այդպես չենք կարող հասկանալ որն է վիճահարույց մարզ: Եթե մարզերից որևէ մեկում դեպքերի էական աճ ունենք, դա դեռևս չի նշանակում, որ այդ մարզը խնդրահարուց է, միգուցե ընդհակառակը խնդրահարույց չէ այնքանով, որ բռնության դեպքերը ժամանակին ի հայտ են գալիս:
Եթե երեխան շարունակում է մնալ ընտանիքում
ՆԳՆ պաշտոնյայի խոսքով՝ ընտանիքում բռնության գործադրած անձին ոստիկանությունը վերցնում է հաշվառման՝ մեկ տարի ժամկետով՝ ուշադրության ներքո պահելով ընտանիքին.«Բայց լինում են դեպքեր, երբ հաշվի առնելով ռիսկայնությունը՝ կրկնակի բռնության գործադրման ռիսկի մասին բավարար հիմքերը, բռնարարը ոստիկանության կողմից անհետաձգելի միջամտության որոշման արդյունքում կարող է հեռացվել իր բնակության հասցեից՝ 25 օր ժամկետով, եթե վտանգը պահպանվում է, ապա այդ մասով հաջորդը դատական գործընթացն է, բնակության վայրից անձը հեռացվում է մինչև 6 ամիս ժամկետով, կրկնման վտանգի դեպքում ժամկետը երկարացվում է»:
Ըստ մեր զրուցակցի, եթե բռնությունը պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված արարք՝ օրինակ մարմնական վնասվածք հասցնել, ապա ոստիկանությունը հաղորդում է ներկայացնում նախաքննական մարմին՝ կոնկրետ արարքին քրեաիրավական գնահատական տալու մասով՝ ընդհուպ ազատազրկում:


