Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում կենսաչափական ծառայություններ մատուցող սպասարկման կետերի քանակը կլինի երկուսը՝ հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության թվաքանակը, սպասարկման ակնկալվող ծավալները, ինչպես նաև յուրաքանչյուր ստորաբաժանման նախատեսվող սպասարկման թողունակությունը։ Այս մասին Zarkerak.am-ին տեղեկացրեցին ՆԳՆ-ից՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք երկու սպասրկման կետը բավարար կլինի Երևանի պահանջներին:
Նախարարությունից նշեցին, որ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը նախատեսում է թիրախային ցուցանիշներ սպասարկման բոլոր բաղադրիչների գծով, այդ թվում` թույլատրելի առավելագույն սպասելաժամանակ, թույլատրելի առավելագույն հերթագրման օրերի քանակ և այլն։
«Կատարված հաշվարկների և գնահատումների համաձայն՝ նախատեսված երկու սպասարկման կետերի միջոցով հնարավոր կլինի ապահովել Երևանի ողջ բնակչության պատշաճ, արդյունավետ և բարձրորակ սպասարկումը»,-ասացին ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից հայտնեցին, որ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները կօպտիմալացվեն փուլային եղանակով 2027 թվականի ընթացքում։ Գրասենյակների թիվը կկրճատվի 50 տոկոսով, պահպանվող գրասենյակները կծառայեն որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային մասնաճյուղեր։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հաստիքների քանակական կրճատում նախատեսվում է ՆԳՆ-ից նշեցին. «Հաստիքները քանակը Ծառայությունում պահպանվելու է։ Ծառայության նոր կառուցվածքով նախատեսված են Բնակչության պետական նոր ռեգիստրի և այլ թվային հարթակների վարման, պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի կառավարման ու թիրախային ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ նոր բաժիններ, հետևապես, տեղի է ունենալու մարդկային ռեսուրսի վերաբաշխման գործընթաց՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումներին համահունչ»։


