Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հայտարարում է 2027 թվականի մարտի 1-4-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2027» (Mobile World Congress Barcelona 2027) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարի ներքո մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
«MWC Barcelona-ն աշխարհում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային միջոցառումներից է, որը կազմակերպում է Բջջային կապի համաշխարհային համակարգի ասոցիացիան (GSMA)։ Այն մեկ հարթակում համախմբում է բջջային կապի օպերատորների, տեխնոլոգիական ընկերությունների, նորարարական լուծումներ մշակող կազմակերպությունների, ստարտափների, ներդրողների և պետական կառույցների ներկայացուցիչների։ Ցուցահանդեսի 2027 թվականի օրակարգի առանցքային ուղղություններն են կապի ցանցերի զարգացումը, արհեստական բանականության կիրառումը, ինքնավար ձեռնարկությունների ձևավորումը, թվային վստահությունն ու նոր սերնդի տեխնոլոգիաները։
Նախարարության նպատակն է ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարով ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը, խթանել տեղական ընկերությունների արտադրանքի և լուծումների միջազգային առաջխաղացումը, նպաստել արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը և միջազգային գործարար կապերի հաստատմանը։
Ցուցահանդեսին մասնակցությունը նախատեսվում է երկու ձևաչափով՝ որպես ցուցադրող և այցելու։ Հայտադիմումը բաց է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված և կամ գործունեություն ծավալող անհատների համար։ Հայտադիմում լրացնելիս հարկավոր է ընտրել մասնակցության նախընտրելի ձևաչափը։
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ հետևյալ հղումով:
Նախարարության կողմից կապահովվեն ցուցահանդեսային տարածքի վարձակալության և տաղավարի կառուցապատման ծախսերը, ինչպես նաև մրցութային ընտրությունն անցած կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ցուցահանդեսի մուտքի տոմսերի արժեքը։ Մասնակից կազմակերպություններն ինքնուրույն կհոգան գործուղման հետ կապված մյուս ծախսերը, այդ թվում՝ ավիատոմսերի, Իսպանիայի մուտքի արտոնագրի և կեցության ծախսերը։
Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ միջոցառման պաշտոնական կայքից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։

