Ինչ ակնհայտ կետերով է նոր Սահմանադրության նախագիծը տարբերվում գործող Սահմանադրությունից Zarkerak - Ինչ ակնհայտ կետերով է նոր Սահմանադրության նախագիծը տարբերվում գործող Սահմանադրությունից
Zarkerak Zarkerak - Ինչ ակնհայտ կետերով է նոր Սահմանադրության նախագիծը տարբերվում գործող Սահմանադրությունից
Ինչ ակնհայտ կետերով է նոր Սահմանադրության նախագիծը տարբերվում գործող Սահմանադրությունից

Ինչ ակնհայտ կետերով է նոր Սահմանադրության նախագիծը տարբերվում գործող Սահմանադրությունից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոր Սահմանադրության նախագծի նախաբան. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Գործող Սահմանադրության նախաբան. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Նախագծի 2- րդ հոդվածնեով առանձին ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է։ Պետության սահմանված նպատակներն են՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը, պաշտպանել և զարգացնել ազգային ինքնությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները։

3-րդ հոդվածը ընդգծում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միասին։ Ժողովրդի իշխանությունն անօտարելի է, այսինքն՝ ոչ ոք չի կարող այն վերցնել ժողովրդից կամ իրեն համարել իշխանության միակ տերը։

Գործող Սահմանադրության 2-րդ հոդվածով ընդգծվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: [...] Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է Սահմանադրության ընդունմամբ, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ձևավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։

Գործող Սահմանադրության մեջ ժողովրդի կողմից իշխանության իրացման մասին ընդգծվում է 2-րդ հոդվածով. «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է գործեն հանրային շահի համար, լինեն հաշվետու, ազնիվ և պատասխանատու իրենց աշխատանքում։ Նրանց իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և ազատություններով։ Այսինքն՝ պետական մարմիններն իրենց որոշումներում և գործողություններում պետք է հարգեն մարդկանց իրավունքները։

Գործող Սահմանադրության մեջ նման ձևակերպումներ չկան: Փոխարենը 6-րդ հոդվածում ընդգծվում է, որ «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Նոր Սահմանադրությունը 7-րդ հոդվածով կարևորում է շուկայական տնտեսությունը, սեփականության պաշտպանությունը և տնտեսական զարգացումը։ Տնտեսական զարգացումը դիտվում է որպես պետական շահ, քանի որ այն կարևոր է մարդկանց և երկրի բարեկեցության համար։ Միաժամանակ շեշտվում է սոցիալական համերաշխությունը՝ յուրաքանչյուր մարդու ջանքն ու դրա արդյունքը գնահատելու և այդ հիմքով բարեկեցություն ստեղծելու գաղափարը։

Գործող Սահմանադրության 11-րդ հոդվածով միայն շեշտվում է, որ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը դառնում են երկրի իրավական համակարգի մաս։ Դա նշանակում է, որ դրանք գործում են Հայաստանում՝ առանց դրանց բովանդակությունն ամեն անգամ առանձին օրենքում ամրագրելու անհրաժեշտության։ Գործող Սահմանադրության մեջ նման ձևակերպում չկա:  

Նախագծի 9-րդ հոդվածով հստակ նշվում է նաև զինված ուժերի նպատակը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունն ու անվտանգությունը։ Ընդգծվում է, որ ՀՀ ԶՈւ-ն քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

Գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի մեջ այս ձևակերպումները նույնպես առկա են: Սակայն ի տարբերություն նախագծի՝ ներկա Սահմանադրությունը հստակ նաև սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը:

Նախագծի 9-րդ Առանձնահատուկ պաշտպանություն է տրվում հայերենին՝ որպես ՀՀ պետական լեզվի։ Սահմանվում է, որ հայերենը և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Այդ դրույթը նախատեսվում է դարձնել անփոփոխելի. հայերենը չի կարող փոխարինվել այլ պետական լեզվով։

Գործող Սահմանադրության մեջ նման ձևակերպում չկա և միայն 20-րդ հոդվածով ընդգծվում է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է:  

Նախագծի 24-րդ հոդվածի 12-րդ կետով ընդգծվում է, որ օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ըստ այդմ կուսակցության գործունեությունը ենթակա է արգելման, եթե վերջինը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, պետության անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, կամ դրա գործունեությունն ուղղված է ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն, կամ ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից:

Գործող Սահմանադրության 46-րդ հոդվածոի 3-րդ կետով ընդգծվում է, որ

կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:

4-րդ կետով սահմանվում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Սրան հաջորդող հատվածում արդեն նլկատելի է նախագծի ձևակերպման հետ ունեցած տարբերությունը, որով սահմանվում է, որ այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ:

Նախագծի 24-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն կարևորվում է նաև ընտրողների կամքի ազատ արտահայտումը և դրա պաշտպանությունը։ Կուսակցությունները չպետք է ընտրակաշառքի, ճնշումների կամ այլ անթույլատրելի միջոցներով ազդեն քաղաքացիների ընտրության վրա։ Գործող Սահմանադրության մեջ նման ձևակերպում չկա:

Նախագծի 48-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահը պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը, նպաստում է իրավունքի գերակայության և օրինականության ամրապնդմանը, ապահովում է հանրային իշխանության մարմինների գործունեության շարունակականությունը: Երրորդ կետով ընդգծվում է, որ նախագահն անձեռնմխելի է և իր լիազորությունների ժամկետում ու դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, իսկ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո:

Ըստ ներկայացված բացատրության համաձայն՝ նախագահը չի ստանձնում Կառավարության գործառույթները, այլ նպաստում է պետական մարմինների համաձայնեցված աշխատանքին։ 

Նախագահը որոշակի դեր է ունենալու նաև դատական իշխանության անկախության և բնականոն աշխատանքի ապահովման գործում։ Մասնավորապես, նա կարող է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր, սակայն չի կարող մասնակցել քվեարկությանը կամ պարտադիր ցուցումներ տալ։ Այսպիսով, նախագահը կարող է նպաստել դատական համակարգի արդյունավետ աշխատանքին՝ առանց միջամտելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացմանը։

Գործող Սահմանադրության 123-րդ հոդվածով սահմանվում է, որ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: 
Նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Նախագահի անձեռնմպելիության և հետապնդվելուց ու պատասխանատվության ենթարկվելուց ազատ համարվելու մասին նշվում է հոդվախ 140-ում: 

Նախագծի 4-րդ գլխով Ազգային ժողովն ավելի մեծ դեր է ստանում Կառավարության վերահսկողության գործում։ Փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների թեկնածությունները նախապես կքննարկվեն խորհրդարանական հանձնաժողովների հրապարակային նիստերում։ Պատգամավորները կկարողանան հարցեր տալ, իսկ հանձնաժողովի կարծիքը կներկայացվի վարչապետին։

Ազգային ժողովը կարող է նաև անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի։ Այդ որոշման դեպքում պաշտոնատար անձը կազատվի պաշտոնից։ Նույն անձի վերաբերյալ նման առաջարկ կարելի է ներկայացնել ոչ ավելի հաճախ, քան վեց ամիսը մեկ։

Սա էական տարբերություն է Գործող Սահմանադրությունից, որով փոխվարչապետների և նախարարների նշանակումը կատարվում է վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հաստատմամբ:

23 Նոյեմբեր, 2026 12:39
Վեր