Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝ և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։ Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտներում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին, ինչպես նաև G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերի:
Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը հանգամանալից անդրադարձ են կատարել 2025թ. օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից ի վեր խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացված քայլերին և արդյունքներին: Այս համատեքստում անդրադառնալով ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հարցերին՝ զրուցակիցներն ընդգծել են նույն օրը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը՝ որպես այս խոշոր նախագծի իրականացման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ևս մեկ առանցքային փուլ:
Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և գործընթացների շուրջ։

