Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵԱՏՄՆ-ն Ռուսաստանի քաղաքական ճնշումներ կիրառելու հիմք է տվել, մինչդեռ մյուս տնտեսական բլոկները առավելություններ են տալիս երկրներին: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով հուլիսի 27-ին կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին:
Վերլուծաբանի կարծիքով հայկական ապրանքների արտահանումը վերականգնելու մասով պետք չէ դրական սպասելիքներ ունենալ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից: Ըստ Խուրշուդյանի՝ սա հստակ զգացվում է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության հուլիսի 28-ին հրապարակած հայտարարության բառաֆոնդից:
«Այդ հայտարարության մեջ հստակ բացատրվում էր, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը փորձելու են օգտագործել մեր դեմ: Այնտեղ նաև ընդգծվում է, որ իրենք թույլ չեն տալու իրենց հաշվին Եվրամիություն գնալ»,-ասաց բանախոսը և հավելեց. «Չգիտես ինչու Ռուսաստանից այս հայտարարությունը անում են նաև ԵԱՏՄ երկրների անունից, իրենց դնելով ԵԱՏՄ մամուլի քարտուղարության տեղը»:
Խուրշուդյանի գնահատմամբ՝ Մոսկվան փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ Հայաստանի հետ առևտուր անելով «լավություն են անում» և ամբողջ գործընթացը կատարվում է ռուսական կողմի հաշվին:
Անդրադառնալով Հայաստանում ԵԱՏՄ-ի կազմում մնալ-չմնալու մասին հանրաքվեի վերաբերյալ քննարկումներին, որոնք տեղ էին գտել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում, բանախոսը ասաց. «Հայաստանը ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվեն պետք է անցկացվի, ոչ թե ռուսական ճնշումներին տեղի տալու պատճառով, այլ պետք է դա անել ուղղակի ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ չափանիշներն ունենալու համատեքստում»:
Նրա գնահատմամբ Հայաստանը վաղ թե ուշ դառնալու է ԵՄ անդամ և նման հանրաքվեն Ռուսաստանը չէ, որ պետք է պարտադրի՝ ժամկետներ թելադրելով: Ըստ բանախոսի ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ հենց սա էլ փորձել է ասել Նիկոլ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ Խուրշուդյանը հստակեցրեց, որ առաջիկայում նման հանրաքվե սպասելն անիմաստ է: «Ընդհանրապես տնտեսական բլոկները նրա համար են, որպեսզի հեշտացնեն իրենց անդամ երկրների զարգացումը: Օրինակ ԵՄ-ն հենց դա է անում և Արևելյան Եվրոպայի երկրները սրընթաց զարգացում են ապրել ԵՄ անդամ դառնալուց հետո»,-ասաց վերլուծաբանը և հավելեց, որ ՀՀ-ի համար շահավետ է ԵՄ անդամ դառնալը:
Նրա գնահատմամբ ԵՄ անդամ դառնալը միայն չի վրեաբերվում առանց մաքսատուրքերի ապրանքների արտահանմանը դեպի եվրոպական շուկա: Ըստ Խուրշուդյանի՝ նոր ինտեգրման արդյունքում կարող է բարելավվել հայկական ապրանքների որակը, մարդկանց կյանքի որակը, և անգամ երկրի անվտանգության համակարգը, քանի որ ԵՄ-ն զուտ տնտեսական միությունից դանդաղորեն տրանսֆորմացվում է նաև ռազմաքաղաքական միության:
«Ցավոք սրտի Հայաստանը այս պահին պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալու և մեծ ճանապարհ դեռ պետք է անցնի»,-նկատեց Խուրշուդյանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ից հավանական դուրս գալու և այդ ընթացքում՝ մինչև ԵՄ-ին անդամագրվելը այսպես ասած «գորշ գոտում» հայտնվելու պարագայում Հայաստանին սպասվող մարտահրավերներին, բանախոսը նշեց. «Այս ընթացքում ԵՄ-ն արդեն երկու տարով բացել է իր դռները մեր առջև և առանց մաքս առևտուր է անում մեր հետ, այսինքն փաստացի մենք Եվրամիության անդամ ենք: Բացի այս աջակցություն է տրամադրում՝ փոխհատուցելու այն վնասները, որոնք մենք կրում ենք ԵԱՏՄ-ի, և բնականաբար առաջին հերթին Ռուսաստանի հետ ծագած խնդիրների պատճառով: Ընդ որում ասվում է, որ եթե վնասի ծավալներն ավելանան իրենք օգնությունը կավելացնեն»:
Խուրշուդյանը չբացառեց նաև, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո, Պուտին-Ալիև հեռախոսազրույցի անցկացումը փոխկապակցված են:
«Ընդ որում, եթե Փաշինյանի հետ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ապա Ալիևի հետ հեռախոսազրույցը կայացել էր Պուտինի նախաձեռնությամբ: Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է Ալիևին օգտագործել որպես ճնշման գործիք: Հիմա սա Մոսկվայի մոտ առավել դժվար է ստացվում և առավել ցուցադրական: Այսինքն Պուտինը մոտավորապես փորձում է ցույց տալ, որ ինքը կարող է այստեղ «տղա» բերել Հայաստան դեմ՝ տվյալ դեպքում Ալիևին: Սա է պատճառը, որ հափշտապ Պուտինը զանգել էր Ադրբեջանի նախագահին և փորձում է անել այնպես, որ հայ հասարակության մեջ այդ զուգահեռներն անցկացվեն, որ տեսեք Ալիևի հետ կարող է կրկին մեզ վնասներ տալ»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ բանախոսի՝ Ալիևն իր հերթին փորձում է բավականին զգուշավոր քաղաքականություն վարել, որովհետև Բաքվում լավ հասկանում են, որ եթե Հայաստանն ընթացիկ տեմպերով զարգացնի տնտեսությունը և նվազեցնի Ռուսաստանից կախվածությունը, ապա կարճ ժամանակամիջոցում կանցնի Ադրբեջանի ցուցանիշներին:
«Բնականաբար ամեն բան անելու են, որպեսզի Ռուսաստանի հետ միասին խոչընդոտեն Հայաստանի նման առաջընթացը»,-հավելեց վերլուծաբանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի հետ երկար կշարունակի սննդամթերքի արտահանման արգելքի քաղաքականությունը, Խուրշուդյանը ասաց. «Նախ պետք է հասկանալ, որ ապրանքային սահմանափակումները ինքնին սահմանափակ են, որովհետև Ռուսաստանը ի վիճակի չէ կանգնեցնել Հայաստանի հետ ամբողջ ապրանքաշրջանառությունը, որովհետև նման քաղաքականությամբ կկրակի սեփական ոտքին: Քանի որ այս դեպքում միայն Հայաստանի արտադրանքի արտահանման հարցը չէ, այլ նաև այն անհրաժեշտ ապրանքների որոնք նրանք ստանում են Հայաստանի միջոցով: Այս պատճառով տեսնում ենք ընդամենը մի քանի տասնյակ մլն դոլարի ապրանքների սահմանափակումներ: Դա հիմնականում գյուղարտադրությունն էր, որ պետք է դժգոհություն առաջացներ լայն զանգվածների մոտ: Հիմա էլ սահմանափակվում են կաթնամթերքի արտահանումները և այստեղ անհասկանալի է թե ինչու Հայաստանը հայելային տարբերակով նույնը չի անում Ռուսաստանի նկատմամբ, որտեղից շատ ավելի մեծ ծավալների հասնող կաթնամթերք է մատակարարվում: Այս դեպքում էլ լուրջ չեն կորուստները և սրա պատճառով Ռուսաստանի գործողությունները նմանվում են շոուի, որի նպատակը հասարակությանը ցույց տալն է, որ հայկական տնտեսությունը կարող է վնասներ կրել՝ նման ձևով ձգտելով ակտիվացնել հինգերորդ շարասյունը ապագա քաղաքական գործընթացների համար»:


