Ադրբեջանից վառելիքի մատակարարումը չի կարող  դառնալ մշտական բաղադրիչ, իսկ Հայաստանը կարող է մրցունակ լինել ծառայությունների ոլորտում. տնտեսագետ Zarkerak - Ադրբեջանից վառելիքի մատակարարումը չի կարող դառնալ մշտական բաղադրիչ, իսկ Հայաստանը կարող է մրցունակ լինել ծառայությունների ոլորտում. տնտեսագետ
Zarkerak Zarkerak - Ադրբեջանից վառելիքի մատակարարումը չի կարող դառնալ մշտական բաղադրիչ, իսկ Հայաստանը կարող է մրցունակ լինել ծառայությունների ոլորտում. տնտեսագետ
Ադրբեջանից վառելիքի մատակարարումը չի կարող  դառնալ մշտական բաղադրիչ, իսկ Հայաստանը կարող է մրցունակ լինել ծառայությունների ոլորտում. տնտեսագետ

Ադրբեջանից վառելիքի մատակարարումը չի կարող դառնալ մշտական բաղադրիչ, իսկ Հայաստանը կարող է մրցունակ լինել ծառայությունների ոլորտում. տնտեսագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանից իրականացված դիզվառելիքի ու բենզինի ներկրումները գնային որոշակի փոփոխությունների էին հանգեցրել, ինչը կարճաժամկետ ազդեցություն է ունեցել: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի գնային փոփոխություններին էին հանգեցրել Ադրբեջանից վառելիքի ներմուծումները:

Տնտեսագետի խոսքով՝ չնայած իրականացված ներկրումներին, Ադրբեջանը ինքը բենզինի ու դիզվառելիքի ներմուծող է, ինչը որոշակի պարադոքսային պատկեր է ձևավորել: Սա, Կարապետյանի կարծիքով, ցույց է տալիս, որ տնտեսական գործարքի տեսքով որոշակի քաղաքական գործիքակազմ է կիրառվել՝ հարաբերությունների դրական դինամիկան ընդգծելու համար:

«Բաքուն ևս դեպի Հայաստան մատակարարումներ անելու ձգտում ուներ: Սա իրականություն դարձնելուց հետո Հայաստանի ներսում բենզինի ու դիզվառելիքի կարճաժամկետ գնանկման էր հանգեցրել, սակայն սա էլ ցույց էր տվել, որ Ադրբեջանը չի կարողանալու մատակարարել այն ծավալները, որոնք կապահովեն Հայաստանում առկա մշտական պահանջարկը»,-նշեց Կարապետյանը:

Բանախոսը նշեց, որ երբ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների հետևանքով փակվել էր Հորմուզի նեղուցը վառելիքի համաշխարհային գները բարձրացան, ինչի արդյունքում Հայաստանում գները ոչ միայն վերադարձել էին նախկին մակարդակին, այլ նաև ավելի էին բարձրացել: Տնտեսագետի գնահատմամբ սրան գումարվում է նաև Ռուսաստանում վառելիքի ներկայիս դեֆիցիտը, որը Հայաստանի համար հիմնական մատակարարներից էր:

«Այսինքն, ըստ էության, Ադրբեջանից մատակարարումները կարճաժամկետ ազդեցություն ունեցավ»,-եզրակացնում է տնտեսագետը և հավելում, որ ներկայումս Հայաստանը իր վառելիքի մատակարարումը ապահովում է դիվերսիֆիկացված մատակարարների շրջանակով, որոնց թվում բացի Ռուսաստանից ներառված են նաև Եգիպտոսը և Ռումինիան:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից վառելիքի մատակարարումը դառնալու է մշտական բաղադրիչ մեր վառելիք մատակարարողների շարքում՝ հաշվի առնելով նաև այդ երկրում առաջարկի սահմանափակումը, և այն հանգամանքը, որ Ադրբեջանը ևս վառելիք ներմուծող է»,-նշել է Կարապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների ձևավորման համար, տնտեսագետը բացատրեց. «Գոյություն ունի մեթոդաբանություն, երբ համեմատում ես երկու երկրների արտահանումներն ու ներմուծումները, դրանց գները և փորձում ես հասկանալ թե որտեղ կան համընկնումներ: Այսինքն, եթե Ադրբեջանը արտահանում է իքս թվով ապրանքներ որոշակի գներով, Հայաստանը նույն ապրանքներից ներմուծում է այլ երկրներից հնարավոր է այդտեղ հատում լինի և փոխշահավետ առևտրի հնարավորություններ լինեն: Ինչպես գիտենք Ադրբեջանի արտահանման հիմնական մասը գազն է, և որոշակիորեն նաև նավթային ռեսուրսը: Գազը Ադրբեջանը արտահանում է շատ ավելի թանկ գներով, քան Հայաստանը ներմուծում է: Այս տեսանկյունից այսպես ասած հատում չի կարող լինել, քանի որ բացի գների բարձր մակարդակից կա նաև ենթակառուցվածքների անհրաժեշտություն: Հայաստանը իր ապրանքային կառուցվածքով, օրինակ արտահանում է մետաղի հանքաքար, իսկ բնականաբար Ադրբեջանը նման ներմուծման ու վերամշակման պահանջարկ չունի: Հայաստանը արտահանում է պատրաստի սնունդ, Ադրբեջանը՝ նույնպես: Սրանով Երևանն ու Բաքուն փաստացի մրցակիցներ են, այսինքն առերևույթ մեծ հատումներ չկան Ադրբեջանի և Հայաստանի արտահանման կառուցվածքում»:  

Կարապետյանի խոսքերով նույն պատկերը առկա է նաև Վրաստանի պարագայում, ինչի արդյունքում քիչ առևտուր ունենք հարևան այս երկրի հետ, քանի որ երկու երկրներն էլ մասնագիտացած են նույն շուկաներում՝ օրինակ ոգելից և սովորական խմիչքների, պատրաստի սննդի, միրգ-բանջարեղենի և այլն:   «Այսինքն մենք մրցակիցներ ենք»,-եզրակացրեց տնտեսագետը՝ հավելելով, որ նման պարագայում դժվար է պատկերացնել առևտրի իրականացումը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը ինչ ապրանքներ կկարողանա առաջարկել ադրբեջանական շուկային, բանախոսը նշեց․ «Եթե փորձենք հիփոթեզ առաջարկել, թե Հայաստանը որտեղ կարող է մրցունակ լինել, ապա կարող ենք ասել, որ վերջին տարիներին Հայաստանի մրցունակություն դրսևորվում է, ոչ թե ապրանքների բնագավառում, այլ ծառայությունների մեջ, մասնավորապես ֆինանսական, ՏՏ և զբոսաշրջային ծառայությունների մեջ: Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե որտեղ է ավելի շատ պոտենցիալը, ապա կտեսնենք, որ սրանք այն ոլորտներն են, որոնք ապահովում են Հայաստանի տնտեսության բարձր աճը վերջին 5 տարվա ընթացքում»,-ասել է Կարապետյանը:   

Բանախոսը հավելեց, որ եթե քաղաքական հարաբերությունները հասնեն բարձր մակարդակի և հասարակությունների մեջ փոխըմբռման ու ներդաշնակության մշակույթ ձևավորվի, ապա հնարավոր է պատկերացնել Հայաստանի մրցունակ ոլորտների որոշակի արտահանման ներուժ դեպի Ադրբեջան: Սակայն առնվազն առաջիկա տասնամյակի ընթացքում դժվար թե սա իրականություն դառնա, քանի որ առևտուրը, հատկապես նաև ծառայությունները ամեն դեպքում որոշակի փոխահարաբերություններ են պահանջում, բացատրեց տնտեսագետը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունենրի հեռանկարին Կարապետյանը բացատրեց, որ իրականում Հայաստանից Թուրքիայի արտահանման մեծ ներուժ չկա, սակայն սրա փոխարեն Երևանը իր արևմտյան հարևանի հետ ձևավորվող հարաբերությունների համատեքստում հնարավորություն է ձեռք բերում օգտվել վերջինի նավահանգիստներից, երկաթուղուց ու մյուս լոգիստիկ հնարավորություններից:

«Այս առումով Թուրքիան մեծ հնարավորություններ է տալիս դեպի համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար: Թուրքական նավահանգիստները սրանով դառնում են մրցակից վրացականի նկատմամբ՝ ըստ էության ունենալով այլընտրանք: Բացի այս Հայաստանը հնարավորություն է ունենում նաև եվրոպական երկաթուղային համակարգին միանալու համար»,-նշեց բանախոսը:

Նա նաև հավելեց, որ Երևանը կկարողանա դիվերսիֆիկացնել լոգիստիկ շղթաները և հնարավորություն ունենալ դեպի Միջերկրական ծով դուրս գալու համար: Տնտեսագետի խոսքերով դեպքում հայկական ապրանքները այդ թվում հանքանյութերը կամ մշակված ապրանքատեսակենրը կարող են յուրացվել նախ եվրոպական, ապա նաև համաշխարհային շուկաներում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացված են հասարակության շրջանում առկա այն մտավախությունները, որ հարաբերությունների կարգավորման դեպքում թուրքական ապրանքները կողողեն հայկական շուկան, և Հայաստանը տնտեսական կախվածության մեջ կընկնի, Կարապետյանը նշեց. «Կարծում եմ թուրքական ապրանքները վաղուց են ողողել Հայաստանը, քանի որ Թուրքիայից մշտական ներմուծումներ են իրականացվել, թե հագուստի, և թե տեխնիկայի, թե տեքստիլ արդյունաբերության հումքի տեսքով: Ի հակադրություն սրան Թուրքիան վաղուց ու մշտապես տարբեր գործիքակազմերի կիրառմամբ խոչընդոտել է Հայաստանից ներկրմանը: Այսինքն այս տեսանկյունից հիմա մենք գործ ունենք տրանսպորտային հեռավորության կրճատման որոշակի հնարավորության հետ, դա ևս լրացուցիչ ազդակ կհաղորդի, որպեսզի հատկապես շուտ փչացող միրգը կամ բանջարեղենը ավելի ուղիղ հասանելիություն ունենա հայկական շուկա: Սա միանշանակ որոշակի սպառնալիքներ կստեղծի հայկական գյուղատնտնեսության համար»:

Նա նաև նշեց, որ պետք է փաստել, որ Հայաստանը գործնականում չի փորձարկել գյուղմթերքի ներկրման ու յուրացման տարբերակը:

13 Հուլիս, 2026 16:24
Վեր