Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հրավիրում է պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այն կկայանա ժամը 20:15-ին՝ Փարիզի ժամանակով։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, նիստում կքննարկվի Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նմանատիպ նիստեր անցկացվել են նաև շաբաթ և կիրակի օրերին։
Նիստից առաջ Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Օմանի առաջնորդների հետ՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները։
Կիրակի կայացած անվտանգության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Փարիզին չեն նախազգուշացրել Իրանի դեմ գործողության մեկնարկի մասին։
Նրա խոսքով՝ այժմ Ֆրանսիան ստիպված է, առաջին հերթին դիվանագիտական միջոցներով, ապահովել տարածաշրջանում գտնվող իր քաղաքացիների և ռազմաբազաների անվտանգությունը։
«Ֆրանսիան ոչ տեղեկացվել է, ոչ էլ ներգրավվել։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրները և մեր դաշնակիցները»,- նշել է Մակրոնը՝ բացելով նիստը։
Նշվում է, որ Պարսից ծոցի և լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, բացի ԱՄՆ-ից, ռազմական բազաներ և զորախմբեր ունեն նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ։


